Նախարարի շնորհավորանքը և մաղթանքները քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց
28/12/2011
Շուտով պատմություն կդառնա 2011 թվականը և մենք կդիմավորենք Նոր ՝ 2012 թվականը:
Նոր տարին իր հետ բերում է ուրախություն, հույս և սպասումներ, անկախ այն բանից, թե մարդ, որտեղ և ինչ պայմաններում է գտնվում:
Որպես քաղաքացի և որպես նախարար ես շատ կուզենայի, որ ունենայինք այնպիսի հասարակություն, ուր բոլոր պայմանները ստեղծված լինեին նաև ազատությունից զրկված մարդու արժանապատիվ կյանքն ապահովելու համար, և ոչ ոք հարկադրաբար մեկուսացված չլիներ իր ընտանիքից և հարազատներից:
Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք:
Ազատությունից զրկված մեր հայրենակիցները ինձ համար ամենևին երկրորդական արժեք չեն, և ստանձնելով նախարարի պաշտոնը, անցնող տարվա ընթացքում հնարավորության սահմաններում ձգտել եմ բարելավել քրեակատարողական հիմնարկների վիճակը, նպատակ ունենալով հասնել այն բանին, որ մարդը ընտանիքի գիրկը վերադառնա ուղղված, հեշտությամբ ներգրավվի հասարակական կյանքի մեջ, որ ազատազրկումը չկոտրի , չկործանի մարդուն, այլ լինի կյանքի վերաիմաստավորման, սխալների ընկալման, ուղղվելու միջոց:
Քրեակատարողական հիմնարկներում կատարված բարեփոխումներն ուղղված՝ ազատությունից զրկված լինելու հետևանքները մեղմելուն, ազատվելուց հետո հասարակությանը արագ ինտեգրվելուն, շարունակական բնույթ են կրելու:
Ամանորին ընդունված է մաղթանքներ ուղղել միմյանց, ու ես առողջություն եմ ցանկանում ձեզ և ձեր հարազատներին, և թող միայն բարի լուրեր ստանաք նրանց՝ նրանք էլ ձեր մասին: Շատ կուզենայի, որ ձեզանից շատ-շատերը գալիք տարում վերադառնային իրենց ընտանիքների գիրկը, արարեին հանուն մեր Հայրենիքի: Ու որ ցանկացածի համար փակ լինի քրեակատարողական հիմնարկների ճանապարհը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: