
Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանի կազմակերպմամբ, այսօր անցկացվեց շախմատային մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից թվով 35 դատապարտյալ: Մրցաշարին ներկա էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ մարտիրոսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և բարձրաստիճան այլ պաշնոնյաներ:
Գևորգ Դանիելյանի խոսքով, միջոցառման նախաձեռնման մեջ մեծ դերակատարություն ունեցան նաև հենց իրենք, դատապարտյալները, որոնց ցանկությունը քննարկվեց, գնահատվեց, կատարվեց կազմակերպչական մի շարք աշխատանքներ և վերջապես հասցվեց իր տրամաբանական ավարտին:

Նախքան այս յուրաքանչյուր հիմնարկում անցկացվել էին մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ և լավագույն մասնակիցները հնարավորություն էին ստացել մասնակցել Շախմատի տանն անցկացվող «Շախմատի միջհիմնարկային 2008 մրցաշարի» եզրափակիչ փուլին: Դատապարտյալների մրցաշարը առիթ էր վերջիններիս համար ցուցաբերելու լավ վարք, որը և պետք է խրախուսվեր համակարգի ղեկավարության կողմից: Մրցաշարին ներկա էին նաեւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները: Յուրաքանչյուր հիմնարկի աշխատակից եւ ղեկավար կազմի անդամ հետեւում էր հատկապես իրենց հիմնարկի դատապարտյալներին և քաջալերում նրանց:
Մրցաշարին հետևում էին նաեւ դատապարտյալների հարազատները, որոնց համար սա լավ առիթ էր տեսակցելու նրանց: Նրանք հույս ունեին նաեւ իրենց մերձավորին տեսնել առաջին հորիզոնականում, որի դեպքում դատապարտյալին որպես պարգեւ կարճատեւ մեկնում կամ երկարատև տեսակցություն կտրամադրվեր:
Եզրափակիչում 34 շախմատիստներ շվեյցարական մրցակարգով վիճարկում էին չեմպիոնի կոչումը: Հատկապես հաջող էին հանդես գալիս «Սեւան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները:
Մրցաշարի ավարտին լավագույն եռյակում ընդգրկվեցին Արտակ Խառատրյանը, Հովհաննես Դոխոյանը եւ Աշոտ Վահրադյանը, որոնք 7 հնարավորից վաստակել էին 6-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հաղթողի կոչումը շնորհվեց Արտակ Խառատյանին: Զուգահեռաբար անցկացվում էր նաեւ կանանց մրցաշարը, որին մասնակցում էին ընդամենը 4 կանայք: Նրանք պայքարեցին 2 շրջանով եւ հաղթող դարձավ Նազիկ Կալեսնիկը: