|23.04.2008| ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ Է ՀԱՆՁՆԵԼ

23/04/2008

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողներին (քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայողներ) հատուկ ուսուցման վկայականներ է հանձնել։ Իրավաբանական ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանի խոսքերով, հատուկ ծառայողի հատուկ ուսուցումը նրա` օրենքով նախատեսված հրազենի և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերումն է։ Սա շատ կարևոր գործընթաց է, որը մենք կարող ենք իրագործել այս տարվանից սկսած: Նրա խոսքերով, այս ուսուցման կարևորությունը նրանում է, որ քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայողներն իրենց աշխատանքի ընթացում շատ խնդիրների են հանդիպում, որոց լուծման համար պետք է հստակ իմանալ, թե որ դեպքում կարելի է զենք կամ հատուկ միջոց կիրառել։

«Հատուկ ծառայողները բոլոր այս գիտելիքները կարողացել են ստանալ մեր կողմից կազմակերպված հատուկ ուսուցման դասընթացների ընթացքում»- ասաց Հայրապետյանը՝ ավելացնելով, որ ծրագրերը ժամանակի հետ պետք է կատարելագործվեն։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վաղինակ Քոչարյանն իր հերթին նշեց, որ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում մի շարք փոփոխություններ են կատարվել ։«Այդ փոփոխությունների գլխավոր նպատակներից մեկը կադրերի վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն է, և արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում վերապատրաստվելը կամ հատուկ ուսուցում անցնելը թույլ է տալիս հետագա գործունեության համար կարևոր և անհրաժեշտ գիտելիքներ ստանալ: ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների հատուկ ուսուցման ծրագրերը նախատեսում են հատուկ միջոցների և զենքի կառուցվածքի, այն կրելու, կանոնների ուսումնասիրում, ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերում։ ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 11-Ն որոշմամբ` 2008 թվականին նախատեսված է իրականացնել 385 հատուկ ծառայողի հատուկ ուսուցում: ։ Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-67-Ն հրամանի` հատուկ ուսուցման ծրագրի տևողությունը 60 ակադեմիական ժամ է: