Հայ դատավորին կաշառակեր դատավորի մաշկից պատրաստած աթոռ պե՞տք է

16/11/2011

Երկրորդ. հայերը արդարություն հաստատելու հարցում ազնիվ չեն: Միգուցե կատեգորիկ է հնչում, բայց դարձյալ վերլուծություններն են ցույց տալիս: Ինչպես իմ ընկերներից մեկն է ասում` հայերն ուզում են, որ արդարություն լինի, բայց կողքինին բռնեն, դիմացինին, հարեւանին, բայց իրենց չհասնեն: Սա եւս չի նպաստում արդարության հաստատմանը: Մենք, պայքարելով թվացյալ արդարության համար, այնուամենայնիվ, մեր սեփական գործի լուծման համար սկսում ենք մտածել` կարո՞ղ է մի ինչ-որ ճանապարհ գտնվի, որ իմ գործը լուծվի: Շատ վատ արդյունքներ են ցույց տալիս ոչ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումները, թե հանրության քանի տոկոսն է պատրաստ դատարաններում կամ այլ մարմիններում անօրեն գործի լուծմանը հասնել զարթուղի ճանապարհներով: Բավականին պատկառելի տոկոս է կազմում: Մինչ ուշադրություն դարձնելով կամ սեւեռվելով դատական բարեփոխումների վրա՝ մի տեսակ ուշադրությունից դուրս են մնացել տարբեր սուբյեկտներ եւ ամենագլխավորը` մարդը:

Եթե հայերը ամբողջ ազգով մի բան ուզում են, դա լինում է, եւ այստեղ անելիք կա, թե ինչպես անել, որ արդարության հասնելու համար հանրային կյանքի արդար կառուցվածքի ստեղծումը դառնա հանրային պահանջ: Սա չեմ կապում միայն դատական համակարգի հետ: Ասում ենք՝ այս համակարգում անվստահություն կա, կոռուպցիոն ռիսկեր եւ այլն: Գնանք դատավորների ընտրության կարգը փոխենք, ներկայացվող պահանջները փոխենք, անկախության երաշխիքները մեծացնենք եւ այլն: Այս ամբողջը կարեւոր է, ցավոք սրտի, անում ենք, բայց վստահության աստիճանը չի մեծանում: Իսկ վստահության աստիճանի վրա չես կարող ազդել ու արհեստականորեն մեծացնել: Ընդհանրապես արդարությունն ու արդարամտությունն այնքան են միմյանց փոխկապակցված, որ չի կարելի տարանջատել, բայց արդարամտության հասնելը շատ ավելի բարդ ու դժվար է, թե ոնց անել, որ մարդը կենցաղային հարաբերություններից սկսած արդարամիտ լինի: Եթե սա չկա, շատ դժվար է մեկին դարձնել դատավոր ու ասել՝ արդարադատություն իրականացրու: Մի անգամ կատակով ասացի, որ մի ռենտգեն սարքի պես բան է պետք, որ յուրաքանչյուրն անցնի դրանով եւ ցույց տա` դատավոր կարող է աշխատել, թե ոչ: Այս համակարգի նկատմամբ անվստահությունը ածանցյալ բերում է անվստահություն բոլոր համակարգերի նկատմամբ:

Եթե այս ոլորտում հաջողությունների չհասնենք, մյուս ոլորտներում մեր ջանքերը շատ փոքր ազդեցություն կարող են ունենալ հանրային կարծիքի վրա: Այս ոլորտի անվստահությունը նման է թոքերի չարորակ ուռուցքի, եթե չես վերացնում՝ օրգանիզմը մահանում է: Թիրախում միշտ դատավորն է, սակայն նրա կողքին ունենք փաստաբաններ, թող ներող լինեն, որ այդպես եմ արտահայտվում, բայց նրանց մի մասը զբաղվում է բացառապես միջնորդությամբ կամ իր գերխնդիրն է զբաղվել իրավունքի չարաշահմամբ` ձգձգել դատական նիստերը, տեղի-անտեղի միջնորդություններ անել եւ հրապարակայնորեն փնովել դատական իշխանությունը, որովհետեւ ինքը պիտի արդարանա իր վստահորդի մոտ: Մենք նման փաստաբան էլ չպիտի ունենանք: Գործ ունենք նաեւ դատախազական համակարգի հետ, որտեղ պետք է պրոֆեսիոնալ լինել եւ մեղադրանքն այնպես հիմնավորել, որ հանրության մոտ կարծիք չստեղծվի` կարո՞ղ է ինքը չէր արել այս հանցագործությունը, բայց իրեն մեղադրեցին:

Ձեր նշած բոլոր խնդիրներն առկա են, այնուամենայնիվ ի՞նչ պետք է անել դատական համակարգից «ուռուցքը» վերացնելու համար:

Անհրաժեշտ է բարձրացնել դատական ակտերի նկատմամբ վստահությունը: Սա անելու համար անհրաժեշտ է բարձրացնել այն չափորոշիչները, որոնք ներկայացվում են դատավորներին: Բարձրացնել պրոֆեսիոնալիզմի, հրապարակայնության մակարդակը, դատական ակտերի որակը, հստակեցնել եւ որոշակիացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, դատական ինքնավարության մարմինների կարգերն ու եղանակները, գործերի բաշխման ընթացակարգը եւ այսպես շարունակ: Արդեն մշակվել է 2012-2014 թթ. «Դատաիրավական բարեփոխումների» ծրագրի նախագիծը, որը մինչեւ տարվա վերջ կհաստատվի ՀՀ նախագահի կողմից: Միայն միջոցառումների ցանկն անցնում է 100-ից եւ առաջին անգամն է, որ գործողությունների ծրագրերից բացի նախատեսված է որոշակի հայեցակարգային լուծումներ:

Վերջերս մարդու իրավունքների պաշտպանը հրապարակայնորեն Ձեզ հիշեցրեց, որ երկրում խնդիրներից մեկն էլ արդարության պակասն է եւ մարդիկ արդարադատություն են գտնում ոչ թե դատարաններում, այլ կառավարության շենքի դիմաց: Կիսու՞մ եք ՄԻՊ-ի այդ հայտարարությունը:

Մարդու իրավունքների պաշտպանին շատ հարգում եմ եւ ուրախ եմ իր նախաձեռնությունների համար: Հիշեցնելու անհրաժեշտություն չկար, որովհետեւ դա արդարադատության նախարարի ամենօրյա աշխատանքի հիմքում դրված մի սկզբունք է, որը պետք է կատարել: Մեկ տարվա ընթացքում ուժերիս չափով, իմ լիազորությունների սահմաններում, փորձել եմ այդ ամբողջն անել, որպեսզի այդ խնդիրները լուծվեն: Այո, արդարություն փնտրում են այնտեղ: Շատ գործերով, որ հավաքվում են կառավարության շենքի դիմաց, նայել եմ ինքս, մի մասին ընդունել եմ: Կա արդարության պակաս, մի մասին լիարժեք չի բացատրվել, մի մասի մոտ կասկածներ են մնացել եւ այս առումով անելիքներ կան:

ՄԻՊ-ը երեք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել էր արդարադատության խորհրդին: Էթիկայի հանձնաժողովը վարույթ չէր հարուցել, ինչից հետո ՄԻ պաշտպանը դիմել էր նաեւ Ձեզ: Ո՞ր փուլում է գտնվում այդ գործերը, եւ, Ձեր կարծիքով, այդ դատավորները ենթակա՞ են պատասխանատվության:

Վերջնական պատասխանատվության ենթարկողը արդարադատության խորհուրդն է: Բարձրացված այդ 3 հարցերում էլ առերեւույթ կան օրենքի խախտումներ եւ խնդիրը կայանում է հետեւյալում՝ արդյոք այդ խախտումները ակնհայտ ու կոպիտ են, որոնք հիմք են հանդիսանում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Անկեղծ ասեմ, ողջունում եմ այս ոլորտում ՄԻՊ-ի մարտավարությունը, որ ուշադրւթյան կենտրոնում է պահում այս հարցերը: Այն հարցերը, որ բարձրացված են, եթե չավարտվեն կարգապահական վարույթի հարուցմամբ եւ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելով, այնուամենայնիվ, ինձ համար առնվազն մտորումների տեղիք են տալիս, մասնավորապես մի դեպքում, որտեղ խոսքը գնում էր ողջամիտ ժամկետներին: Այս հարցը մտահոգիչ էր, սա կրկին եկավ հաստատելու, որ իրավական որոշակիությունը, կանխատեսելիությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում գործի քննություն: Եթե գործի քննությունը տեւում է ոչ թե ամիսներ, այլ տարիներ, ապա վստահության կորուստ կա, կամ արդարադատության արդյունավետության պակաս: Սա եւս նպաստեց, որ ոլորտում իմ օրենսդրական նախաձեռնություններն էլ ավելի ակտիվ լինեն եւ կարգավորումներն այնպես լինեն, որ ողջամիտ ժամկետներն իրոք ողջամիտ լինեն, ոչ թե առանձգական:

Շարունակություն