«ՍԴ-ի որոշումները հասկանալու համար ոչ թե պետք է կես լիտր օղի խմել, այլ մի քիչ իրավունքից հասկանալ»
15/11/2011
-Վերջին մեկ տարվա ընթացքում ԶԼՄ-ների համար «պատուհաս դարձավ» Քրեական օրենսգրքի փոփոխությունը, որով վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվեցին: Դատավորներն անխնա սկսեցին վճիռներ կայացնել ԶԼՄ-ների դեմ, այն էլ` օրենքի ամենախիստ պահանջով: Դուք այս հարցում մտահոգություն չունե՞ք:
-Երեւույթի նկատմամբ, թե ինչպիսի հարաբերություններ են, ես մտահոգություն ունեմ, բայց երկկողմանի: Մի կողմից, որ մեր զանգվածային լրատվական միջոցները պետք է ներքին զսպաշապիկ ունենան, ինքնակարգավորման մեխանիզմներ պիտի ունենան, որոնցով պիտի հասկանան թույլատրելիության սահմանը որտեղ է, որտեղ կարելի է, որտեղ` ոչ: Մյուս կողմից հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք պիտի հասկանան ու ընկալեն, որ իրենք ավելի խոցելի են, ավելի բաց պիտի լինեն, եւ այն, ինչ որ իրենց չէին ասում, երբ իրենք պաշտոն չունեին, այս դեպքում կարող են ասել, եւ դա կտեղավորվի խոսքի ազատության շրջանակներում: Մենք այս երկու առումով էլ խնդիր ունենք:
Մենք ունենք ԶԼՄ-ներ, որոնց համար այդ էթիկայի կանոններ կոչվածը չկա, եւ հենց ԶԼՄ-ների կողմից մի քանի նախաձեռնություններ են եղել` միասին կնքելու ինչ-որ համաձայնագիր, որ այս խաղի կանոններով են գործում, ինչը բավականին արդյունավետ այլ երկրներում աշխատում է: Իրենք ասում են` սա կարելի է, սա չի կարելի, սա մեր ներքին էթիկայի կանոններն են: Այս մասին կարող ենք գրել, այս մասին այսպես կարող ենք գրել, մինչեւ այս բառերը կարող ենք օգտագործել, սրանք չենք օգտագործելու: Սրանք իրենց ներքին զսպաշապիկ են պահում:
Ինչ վերաբերում է այդ փոփոխություններին, մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից առաջիններից մեկն էինք, որ վիրավորանքի ու զրպարտության հոդվածներն ապաքրեականացրեցինք, ինչը ողջունվեց բոլոր եվրոպական կառույցների կողմից, որ այլեւս քրեական պատասխանատվություն սահմանված չէ դրա համար եւ միայն քաղաքացիաիրավական հարցերի շրջանակում է: Թեպետ քաղաքացիական օրենսգրքում մոտավորապես դիսպոզիցիանները նույնն էին, ինչ նախկին քրեական օրենսգրքում, եւ այս դեպքում սահմանվեց նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով փոխհատուցում եւ մինչեւ 2000-ապատիկի չափով` զրպարտության համար, բայց մենք ընկանք մյուս` չասեմ ծայրահեղության մեջ, բայց մեր դատական պրակտիկան շարունակ մինչեւ երեւի մի քանի ամիս առաջ, երբ որ մի գործով այլեւս ամենամեծ տուգանքները չնախատեսվեցին եւ ավելի փոքր էին սահմանում, ընկանք մյուսի մեջ, երբ բոլոր գործերով սկսվեց 2000-ապատիկի չափով տուգանքներ սահմանվել նրանց համար: