ՔԿՀ-ներում 2012թ-ին ևս կշարունակվեն բջջայինների խլացման միջոցառումները
03/11/2011
2012թ-ի պետական բյուջեի նախագծի Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը հարցով դիմեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Պատգամավորին մասնավորապես հետաքրքրում էր, թե արդյո՞ք հաջորդ տարի նախարարությունը շարունակելու է քրեակատորղական հիմնարկներում բջջային հեռախոսները խլացնող սարքերի տեղադրումը, ինչին ուղղված գործընթացին այս տարի մեկնարկ է տրվել.
«Իմ խորին համոզմամբ դա սաստում է քրեական իրավիճակը, քանի որ բոլորիս հայտնի է, որ որոշակի հանցագործությունները տեխնիկապես զինված լինելու շնորհիվ ղեկավարվում են հենց քրեակատորղական հիմնարկներից»,- իր կարծիքը հայտնեց Գ.Բաղդասարյանն ու հետաքրքրվեց` 2012թ-ի պետբյուջեով համապատասխան ֆինանսավորում լինելու է այդ միջոցառումները շարունակելու համար , թե ոչ:
Հ.Թովմասյանը տեղեկացրեց, որ գործընթացը փորձարկման արդեն վերջին փուլ է մտել, բայց խոսքը միայն Նուբարաշեն և Կոշ ՔԿՀ-ին է վերաբերում: Ու արվել են ոչ թե բյուջետային միջոցների, այլ VIVA CELL-ի կողմից նվիրատվության կարգով տրված սարքավորումներով:
«Բյուջեով նախատեսված չեն, բայց հաշվի առնելով որպես քննչական մեկուսարան նախնական կալանքի հաստատությունը, այն առաջինն է եղել ուշադրության կենտրոնում: Բայց հուսով եմ, որ նման միջոցներ կհայտհայտենք այլ տեղերում այդ համակարգը ներդնելու համար, որովհետև վստահեցնում եմ` այլ միջոցներով այդ խախտումների դեմ պայքարը բավականին անարդյունավետ է»,- նշեց նախարարը:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ պայքարի այս եղանակն իր արդյունքները կտա:
Միևնույն ժամանակ նախարարը մատնանշեց այն հանգամանքին, որ խլացնող սարքավորումները նաև խնդիրներ են առաջացնում` ներքին կապը, որն անհրաժեշտ է ՔԿՀ աշխատակազմին, ևս խոչընդոտվում է: Այնպես որ նախատեսվում է դարձյալ ոչ բյուջետային միջոցներով որոշակի կապի միջոցներ ձեռք բերել, որպեսզի աշխատակիցները կարողանան իրենց աշխատանքը ճիշտ կազմակերպել: