Պարտավո՞ր է արդյոք նոտարը նոտարական գործողությունը կատարել նոտարական տարածքից դուրս
28/10/2011
Արդարադատության նախարարության նոտարիատի և ՔԿԱԳ մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դ. Մխեյան.
- «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է նոտարի գործունեության տարածքային սահմանափակում` սահմանելով, որ նոտարն իր գործունեությունն իրականացնում է նոտարական գրասենյակում, որը պետք է գտնվի նրա համար սահմանված նոտարական տարածքում: Նոտարական տարածքները սահմանում է արդարադատության նախարարը: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասը բացառություն է նախատեսում վերը նշված կանոնից, համաձայն որի, շահագրգիռ անձանց խնդրանքով նոտարն իրավունք ունի նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս: Այս դեպքում նոտարը պարտավոր է վավերացման մակագրության մեջ և սեղանամատյանում (գրանցամատյանում) նշել նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն): Եթե առաջնորդվենք օրենքի նշված դրույթի պահանջներով, ապա նոտարական գրասենյակից դուրս նոտարական գործողության կատարումը նոտարի իրավունքն է, հետևաբար, նոտարն ազատ է վարքագծի ընտրության (դրսևորման) հարցում: Սակայն նման լուծումն ընդունելի է միայն այն դեպքում, երբ անձի նոտարական գրասենյակ ներկայանալը կապված չէ անհնարինության գործոնի հետ, և նոտարը, գիտակցելով նշված հանգամանքը, ընդառաջում է կամ մերժում նշված խնդրանքը:
Հարցի էությունը փոխվում է, երբ նոտարին շահագրգիռ անձանց կողմից ներկայացվում են հիմնավոր փաստեր այն մասին, որ անձը ֆիզիկապես ի վիճակի չէ ներկայանալ նոտարական գրասենյակ: Նման պարագայում նոտարի կողմից նոտարական գրասենյակից դուրս նոտարական գործողության կատարումը մերժելը կարող է հանգեցնել անձի իրավունակության սահմանափակմանը: Մասնավորապես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես: Քաղաքացիական օրենսգրքի 21-րդ հոդվածը սահմանում է իրավունակության բովանդակությունը, ըստ որի` քաղաքացիները կարող են ժառանգել և կտակել գույքը, կնքել օրենքին չհակասող գործարքներ և այլն: Մի շարք գործարքների համար օրենքը նախատեսում է պարտադիր նոտարական վավերացում, օրինակ` կտակը: Եթե անձը ի վիճակի չէ ներկայանալ նոտարական գրասենյակ, իսկ նոտարը հրաժարվում է վավերացումը կատարել նոտարական գրասենյակից դուրս, ապա ստացվում է, որ անձը չի կարող իրացնել իր իրավունակությունը, այն է` կնքել օրենքին չհակասող գործարքներ: Նշված խնդիրը բարդանում է հատկապես այն դեպքերում, երբ նոտարական գործողության կատարումը սահմանափակված է կոնկրետ նոտարի դիմելու կամ կոնկրետ նոտարական տարածքում կատարելու պահանջով: Օրինակ` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը: Այս դեպքում անձը, բացի նշված նոտարից, չի կարող դիմել մեկ այլ նոտարի:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի, քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
Այսպիսով, այն դեպքերում, երբ անձի ներկայանալը նոտարական գրասենյակ անհնարին է, նոտարի կողմից նոտարական գրասենյակից դուրս նոտարական գործողության կատարումը մերժելը պետք է դիտարկվի որպես նոտարական գործողության կատարման մերժում, որը պետք է լինի հիմնավորված և բխի «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջներից: Միաժամանակ, կարծում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել այս հարցի հետ կապված օրենքի ձևակերպումները: