Անչափահաս ազատազրկվածների աշխատանքները ցուցահանդեսում
26/10/2011
Հոկտեմբերի 26-ին ժողովրդական ստեղծագործության պետական թանգարանում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» անչափահաս ազատազրկվածների` փայտի գեղարվեստական փորագրության և խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վեց անչափահաս դատապարտյալ, ինչպես նաև ՔԿ-ի վարչակազմը` վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ողջույնի խոսքում ցուցահանդեսի կազմակերպիչ, «Տրտու» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Թեմիկ Խալափյանը նշեց, որ ցուցահանդեսը շուրջ տասը տարիների արդյունավետ աշխատանքի տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում «Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկված անչափահասներին ուսուցանվում է խեցեգործություն, գեղանկարչություն, փայտի գեղարվեստական փորագրություն և այլն:
Ցուցահանդեսին ներկա ԵԱՀԿ Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Յումտոչովը իր շնորհակալական խոսքը հղելով անչափահաս դատապարտյալներին` նշեց, որ մշակույթը կնպաստի անչափահաս իրավախախտների ստեղծագործական ձիրքերի բացահայտմանն ու զարգացմանը, կօգնի նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ:
Միջոցառման վերջում անչափահաս դատապարտյալներին հանձնվեցին վկայականներ: