|12.03.2008| Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին

13/03/2008

Մարտի 12-ին Հայասատանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, որի այցելության նպատակը Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավասու մարմիների կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետության ուսումնասիրությունն է: Հանձնակատարը, ընդունելով, որ արտակարգ դրություն հայտարարելը նախատեսված է միջազգային իրավունքի համապատասխան փաստաթղթերով, մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայով, խնդրեց ներկայացնել կոնկրետ Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը: Պարոն Համմարբերգն իր գոհունակությունը հայտնեց ներկայացված մեկնաբանությունների ու պարզաբանումների առնչությամբ և նկատեց, որ միանգամայն իրավաչափ էր Հանրապետության Նախագահի կողմից վերջերս արտակարգ դրության իրավական ռեժիմի որոշ դրույթների մեղմացումը:

Քննարկման առարկա դարձավ զանգվածային լրատվության առնչությամբ սահմանափակումների խնդիրը: Ըստ պարոն Համմարբերգի, ներկայումս անհարկի լայն տարածում ունեն զանազան անհիմն, իրականությանը չհամապատասխանող լուրերը, ինչը հնարավոր կլինի կանխել այդ ոլորտում առկա սահմանափակումները մեղմելու միջոցով, քանի որ օրինական եղանակներով աշխատող լրատվության միջոցները հնարավորինս զերծ կմնան սուտ տեղեկատվություն տարածելուց: Այս առնչությամբ ներկայացվեց որոշ լրատվության միջոցներով պարբերաբար սադրիչ տեղեկատվություն տարածելու երևույթը, դրա ծանր հետևանքները և լրացուցիչ այլ հիմքերը, որոնք պարտադրեցին իշխանություններին ժամանակավորապես դիմելու այդ սահմանափակմանը: Միաժամանակ, պարզաբանում տրվեց այն մասին, որ սահմանափակումը փաստորեն նեղ շրջանակներ է ընդգրկում, մինչդեռ որոշ լրատվության միջոցներ փորձում են այդ հարցն անհարկի սրելու և շրջանակները ավելի լայն ներկայացնելու միտումով ընդհանրապես զերծ մնալ որևէ հրապարակումից: Հանձնակատարը խնդրեց կարծիք հայտնել արտակարգ դրություն հայտարարելու հիմք դարձած փաստերի առնչությամբ քննության ընթացքի վերաբերյալ, ինչին ի պատասխան տեղեկատվություն տրվեց, որ այդ հարցն առնչվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, իսկ քննության ընթացքը ակնհայտ թափանցիկ է և, որ ամենակարևորն է, քննության առարկա են դարձել բոլոր վարկածները: Հանդիպման վերջում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ցանկություն հայտնեց հանդիպելու նշված քննության շրջանակներում կալանավորված անձանց հետ, ինչին տրվեց դրական ընթացք: