Արդարադատության նախարարությունների համագործակցությունը շարունակվում է
27/09/2011
2011-ի սեպտեմբերի 22-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 6-րդ նիստին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 18-րդ նիստին, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է դիտորդի կարգավիճակով: Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարների գլխավորած պատվիրակությունները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք արդիական խնդիրներ, որոնք վերաբերվում են իրավական փոխօգնությանը, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարման, և այլ մարմինների և պաշտոնատար անձանց որոշումների կատարման բնագավառում տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը ԱՊՀ և Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում:
Քննարկվել է Եվրազեսի շրջանակներում քաղաքացիական օրենսդրության, իրավաբանների գործունեության, փաստաբանական գործունեության, ինչպես դատական փորձաքննությունների բնագավառում գործունեության ներդաշնակեցման խնդիրը:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև միջգերատեսչական համաձայնագիր ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության վերաբերյալ, որով մասնավորապես նախատեսվում է համագործակցություն հետևյալ ոլորտներում. փորձի փոխանակում, որը կներառի փոխայցելությունների, խորհրդատվությունների, սեմինարների կազմակերպում, օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև մեթոդական ձեռնարկների կանոնավոր փոխանակումներ, համատեղ գիտական ուսումնասիրությունների անցկացում, օրենսդրական նախագծերի կազմման ընթացքում տեղեկատվական օժանդակության տրամադրում, կադրերի վերապատրաստման ոլորտում փոխօգնության տրամադրում: