|18.02.2008|ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

18/02/2008

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ու դեսպանի հանդիպումը: Դեսպան Չարլզ Լոնսդեյլն իր զորակցությունն է հայտնել նախարարության շենքում տեղի ունեցած հայտնի դեպքի կապակցությամբ: Նա իր աջակցությունն է առաջարկել շենքի վերականգնման աշխատանքներում, մասնավորապես` տեխնիկայի օգնության հարցում: Իր հերթին, նախարար Գևորգ Դանիելյանը, շնորհակալություն է հայտնել ուշադրության համար, դեսպանին է ներկայացրել դեպքի ընթացքում և հետո կատարած աշխատանքները, նաև խոսել հետագա ծրագրերից` հատկապես դատաիրավական բարեփոխումների հարցադրումներով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի մշակման գործում: Դեսպանը հետաքրքրվել է արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնի աշխատանքներով: Վերջինիս տեղեկացվել է, որ կենտրոնն իր գործունեությունը չի դադարեցրել և ժամանակավորապես շարունակում է AEPLAC-ի աջակցությամբ, իսկ երկու ամսից, երբ ավարտվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական շենքի վերանորոգման աշխատանքները` թարգմանչական կենտրոնը կտեղափոխվի այդ շենք: Կողմերն ընդգծել են կենտրոնի կարևորությունը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը և արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պայմանավորվել են նաև քրեակատարողական ոլորտի վերահսկողության հարցում հետագա համագործակցության վերաբերյալ: