«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրենի անդրադարձը դատապարտյալների այգեգործական աշխատանքներին

15/09/2011

Երեկ Ազգային ժողովում Ժառանգություն խմբակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանել էր, որ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի Մեղրիի մասնաճյուղը կազմակերպում է նաև թզի ջեմի արտադրություն, իսկ արտադրանքը փոխանցվում է քրեակատարողական հիմնարկներին:
Տեղեկացնենք, որ բաց ռեժիմի պայմաններում պահվող մի քանի տասնակ դատապարտյալներ ներգրավված են հիմնադրամի կազմակերպած աշխատանքներում: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Կառլեն Թորոսյանի տրամադրած տեղեկատվությամբ քրեակատարողական վարչության պետի հետ կնքված երկկողմ պայմանագրի համաձայն հանրապետության ՔԿՀ-ներին, ըստ բաշխման պայմանագրերի, յուրաքանչյուր տարի շուրջ 7000կգ թզի ջեմ է մատակարարվում:
Նշված պայմանագրի շրջանակներում այս տարվա մարտ ամսից մինչև սեպտեմբեր այգեգործական /սեզոնային/ աշխատանքներում ներգարվվել են բաց տեսակի ՔԿ հիմնարկներում իրենց պատիժը կրող 6-12 դատապարտյալ: Նրանց մինչև օգոստոս վճարվել է ընդհանուր առմամբ 1.470.000 դրամ աշխատավարձ գործարքային կարգով` պահպանելով նվազագույն աշխատավարձի սանդղակը /8 ժամ աշխատելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար 1478դրամ/:
Սեպտեմբերի սկզբին դատապարտյալների հավաքած 5525 կգ թզից պահածոյացվել է 6426 կգ թզի ջեմ: Նշենք, որ պահածոյացումը կատարում են ոչ թե դատապարտյալները, այլ փորձառու մասնագետները:
Հիմնադրամի տնօրինմանը հանձնված այգիներում դատապարտյալները թզից բացի նաև խաղող և նուռ են հավաքում: Մինչև սեպտեմբերի սկիզբը հավաքվել է 935 կգ արտադրական նշանակության խաղող, /նախատեսվում է հավաքել շուրջ 2000կգ/: Ստացված բերքն իրացվելու է պահանջ ներկայացրած անձանց, իսկ վաճառքից ստացված գումարն ուղղվելու է հեղեղատներից վնասված ոռոգման ցանցի բարեկարգմանը:
Հոկտեմբերի 20-25ը նախատեսվում է սկսել նռան բերքահավաքը, որի աշխատանքներում ընդգրկվելու են բաց տեսակի ՔԿ հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալները: