ՀՀ արդարադատության նախարարը հանդիպեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին
13/09/2011
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հյուրընկալեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
Հանդիպման առիթը Մեծ Բրիտանիայի հասարակական կազմակերպությունների գործունեության մասին օրենսդրության փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացնելն էր: Դեսպան Չարլզ Լոնսդեյլը նախարար Թովմասյանին իրազեկեց, որ նշված փոփոխությունը վերաբերում է ինչպես իրենց երկրից դուրս գործող բրիտանական, այնպես էլ Մեծ Բրիտանիայում գործունեություն ծավալած տարբեր երկրների կազմակերպություններին:
Հանդիպման առիթն օգտագործելով՝ Մեծ Բրիտանիայի դեսպանը հետաքրքրվեց նաև, թե գործնական ինչ քայլեր են կատարվում Հայաստանում հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:
Նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց, որ այս փուլում վերանայվում է օրենսդրությունը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից, օրենքները բեռնաթափելու և պարզեցնելու սկզբունքով: ՀՀ կառավարությունը միջազգային փորձագետների աջակցությամբ իրականացնում է «գելիոտինի ծրագիրը»: Օրենսդրական որոշակի փոփոխություններ արդեն կատարվել են, հնարավորինս նվազեցվել է «քաղաքացի չինովնիկ շփումը», մասնավորապես իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բնագավառում` մեկ պատուհանի սկզբունքը ներդնելով:
Ընդգծելով, որ «կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է», և որ դա գիտակցելով այսօրվա քաղաքական իշխանությունը ձեռնարկում է անհրաժեշտ, այդ թվում՝ գործնական քայլեր, նախարար Թովմասյանը փաստեց նաև, որ չնայած դրան կան դեռևս խոցելի բնագավառներ, մասնավորապես կրթության, առողջապահության և դատական համակարգերում:
Հանդիպման ավարտին դեսպան Չարլզ Լոնսդեյլը հույս հայտնեց, որ ձեռնարկվող քայլերը և օրենսդրական բարեփոխումները կնպաստեն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին: