|19.01.2008| Արդարադատության նախարարն ընդունել է Սլովակիայի հանրապետության պատվիրակությանը
19/01/2008
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չեռնագորսկու գլխավորած Սլովակիայի Հանրապետության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև հայ համայնքի Սլովակիայի միության նախագահ Աշոտ Գրիգորյանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին համատեղ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակությանը, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ի՞նչ իրավական խոչընդոտների կարող են հանդիպել այդ ոլորտում և դրանք վերացնելու ինչպիսի՞ իրավական եղանակներ գոյություն ունեն: Այդ առնչությամբ, արդարադատության նախարարը տվեց հանգամանալից պարզաբանումներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկու երկրների իրավական համագործակցության շրջանակներում` արդարադատության նախարարների հետագա հանդիպմանն առնչվող հարցեր, ըստ որոնց, սույն թվականի մայիսի 26-ից 28-ը նախատեսվում է Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարի այցը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի փոխադարձ այցը Սլովակիայի Հանրապետություն: Ըստ այդմ, պատվիրակությունը նախարարին փոխանցեց Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնական հրավերը:

