Հանդիպում նախարարությունում

19/07/2011

Հուլիսի 18-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հյուրընկալեց ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական և բազմակողմ զարգացման քաղաքականության, Հարավային Եվրոպայի, Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների վարչության պետ Ֆրիդել Էգգելմայերին, «Գերմանիայի միջազգային համագործակցության» /GIZ/ ընկերության տարածաշրջանային բաժնի ղեկավար Մերի Շեֆերին և համագործակցության հարցերով զբաղվող այլ պատասխանատուների:
Շուրջ մեկ տասնամյակ է ինչ GIZ-ի փորձագետները իրավական խորհրդատվություն են մատուցում Հայաստանի Հանրապետությանը` երկրի իրավական դաշտը բարելավելու և օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման նպատակն էր քննարկել իրականացված ծրագրերը և ճշգրտել կողմերի միջև արդյունավետ համագործակցության հետագա հնարավորությունները:
Ինչպես նշեց նախարար Հրայր Թովմասյանը, մի քանի տարի շարունակվող այս համագործակցությունը հաջողությամբ է ընթանում, քանի որ, «GIZ կազմակերպության փորձագետները իսկապես մտահոգված են Հայաստանի խնդիրներով, դրանց լուծում գտնելու անհրաժեշտությամբ, սակայն չեն փորձել զուտ գերմանական լուծումներ պարտադրել Հայաստանին»:
Արդարադատության նախարարը հյուրերին իրազեկեց նաև, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում հաստատվելու է 2012-2014 թվականների դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը, և հույս հայտնեց, թե ամբողջական ծրագրի մշակման աշխատանքներին ակտիվ մասնակցություն կունենան «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերության փորձագետները:
Գերմանական կողմի խնդրանքով` Հրայր Թովմասյանը ներկայացրեց նաև ակնկալվող դատաիրավական բարեփոխումների հստակ ուղղությունները: