Ի պատասխան «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հրապարակմանը
08/06/2011
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթեթրի ս.թ. հունիսի 7-ի համարում հրապարակվել է «Մահացել է կալանավայրում» վերտառությամբ, իրականությունը խեղաթյուրած տեղեկություն: Նշենք, որ հրապարակված տեղեկատվության խեղաթյուրումը սկսվել է անմիջապես վերնագրից, այն պարզ պատճառով, որ նախնական կալանքում գտնվող Գ.Սաֆարյանը մահացել է ոչ թե կալանավայրում, այլ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Դեպքի վերաբերյալ խիստ տարակուսելի է նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ոմն աշխատակցի մեկնաբանությունը: Ավելին` համոզմունք ունենք, որ այդպիսի «իրազեկ» աշխատակցի գոյությունը պարզապես հորինված է: Արձանագրված իրականությունը ներկայացնում ենք ստորև: Այսպես, հունիսի 5-ին, ժամը 21:00-ի սահմաններում կտրուկ վատացել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Գագիկ Սաֆարյանի առողջական վիճակը: Քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից ախտորոշվել է «սուր որովայն» և անմիջապես կանչվել է շտապ օգնություն: Շտապ օգնության կողմից Գ.Սաֆարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ բժիշկների եզրակացությամբ որոշվել է, որ վերջինս ենթակա է վիրահատման: Կալանավորն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում կալանավորը ժամը 22:00-ին հետազոտվել է, որից հետո` վիրահատվել: Հաջորդ օրը, հունիսի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում, նախնական կալանքում գտնվող Գ.Սաֆարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է: Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախկինում չորս անգամ դատապարտված Գագիկ Սաֆարյանը, որը տառապում էր անբուժելի հիվանդությամբ, մեղադրվում էր ՀՀ քր.օր.-ի 38-266-րդ հոդվածի 3-րդ մեասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, որը կատարվել է խոշոր չափերով):