|14.12.2007| ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
14/12/2007
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը դեկտեմբերի 14- ին ընդունել է ԵԱՀԿ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին և գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Սիլվիա Պոգոլշային:
Արդարադատության նախարարը, անդրադառնալով հիշյալ հարցադրումներին, ընդգծեց, որ ներկայումս առկա է այդ ոլորտներում բարելավումներ անցկացնելու քաղաքական հստակ պահանջ, որի առանցքն է կազմում մարդու իրավունքների երաշխավորվածությունը:
Կառավարությունը, ելակետ է ընդունում այն, որ հասարակությունում այդ ոլորտների առնչությամբ դեռևս առկա են հիմնավորված դժգոհություններ, որոնց հաշվառմամբ հարկ է ձեռնարկել համարժեք միջոցներ` մի կողմից բացառելով անհարկի բյուրոկրատիզմը, մյուս կողմից` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:
Պարոն Ս.Կապինոսը պատրաստակամություն հայտնեց աջակցելու արդարադատության նախարարության հիշյալ նախաձեռնություններին: Մասնավորապես, բանակցությունների ընթացքում որոշվեց բարձրացված հարցերը ներկայացնել ԵԱՀԿ իրավասու մարմինների քննարկմանը և հստակեցնել համագործակցության շրջանակները:
Տարաբնույթ մի շարք հարցադրումներից կողմերը հատկապես կարևորեցին դատաիրավական բարեփոխումներին, քրեակատարողական համակարգում անկախ հանձնաժողովների, դատական ակտերի հարկադիր կատարման և ընտրական գործընթացների կազմակերպման ոլորտնում կազմակերպաիրավական համալիր միջոցառումների անցկացմանն առնչվող հարցերը: Պարոն Ս.Կապինասն առաջարկեց հասարակական լսումներ կազմակերպել նաև մի շարք արդեն իսկ ընդունված օրենքների, մասնավորապես «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կապակցությամբ:

