«Ազատ և արդար ընտրությունների անցկացման քաղաքական կամքն առկա է»
19/07/2007
Այսօր, ապրիլի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր մոտ ընդունեց ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Լեո Պլատվոետի (Leo Platvoet) գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԽ գլխավոր քարտուղարի հայաստանյան հատուկ ներկայացուցիչ Բոյանա ՈՒրումովան: Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում` կապված Հայաստանում մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ. մասնավորապես` խորհրդային անձնագրերով ընտրողների առկայության պարագայում հնարավոր գործողությունների, անձնագրեր հավաքելու դեպքերի, հանրահավաքների, ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների ներկայացվածության, ընտրությունների օրը իրավապահ մարմինների ու ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության գործողությունների, ընտրական օրենքների խախտումների կանխարգելման և ընտրությունների օրը հնարավոր խախտումներ կատարողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին: Հանգամանալից զրույցի վերջում դիտորդները մեկ անգամ ևս ընդգծեցին ազատ և արդար ընտրությունների կարևորությունը, ինչին ի պատասխան նախարարը հայտնեց, որ ազատ և արդար ընտրությունների անցկացման քաղաքական կամքն առկա է: