|17.05.2011թ|Նոտարական ծառայության նոր գնացուցակը`մեկ ամսից.ԱՆ փոխնախարար Ա.Օրբելյանի հարցազրույցը «mardik.am»կայքին

17/05/2011

Նոտարական գրասենյակներում հերթերի և գործարքների որակի հետ կապված արդեն կա որոշակի առաջընթաց: Նոր գնացուցակի սահմանումը պատրաստ կլինի մեկ ամսից ոչ ուշ: Սակայն այս գործընթացում նախատեսվում են այլ փոփոխություններ, որոնք այժմ քննարկման փուլում են: Այսօր mardik.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Նա հավաստիացրեց, որ այդ փոփոխությունների արդյունքում կունենանք ավելի լիբերալ, ազատ և մեծ շուկա: «Մեծ շուկա ունենալու դեպքում ավելի կանխատեսելի և վստահելի կլինի մարդկանց համար, թե ինչ սպասեն նոտարից, այդ թվում` որքան են վճարումները կազմելու, ինչպես և ում պետք է դրանք վճարեն»,- հավելեց փոխնախարարը: Իրականում, նրա խոսքերով, բավականին լուրջ խնդիրներ կան` ոչ միայն օրենսդրական դաշտում, այլև` մարդկանց իրազեկության, ծառայությունների գնացուցակի հետ կապված: Քանի որ որոշակի ծառայությունների գներ ֆիքսված են եղել բավականին ցածր, բայց իրականում գանձել են ավելի բարձր գներ, ըստ փոխնախարարի, հիմա այդ գները նայվում են ողջամտության սահմաններում, որպեսզի վճարված գումարը համապատասխանի այն աշխատանքին և պատասխանատվությանը, որ նոտարը կրում է: Նաև քաղաքացին, նրա խոսքերով, պետք է հասկանա, թե ինչու և որքան գումար պետք է ինքը վճարի: Նա հայտնեց, որ ունեցել են ծառայություններ, որտեղ գների վերևի և ներքևի սահմանները շատ հեռու են եղել, օրինակ` 4 000 - 20 000 դրամ: «Հիմա աշխատանք է տարվում, որպեսզի այդ ցուցակը կոնկրետացվի, ավելի հստակեցվեն դրա մեջ մտնող ծառայությունները, ժամանակը և պատասխանատվությունը: Այդ տարբերակումն էլ պետք է մոտենա` 1000 դրամ, 500 դրամ, որն էլ կբերի կանխատեսելիության»,-ասաց բանախոսը: Անդրադառնալով նոտարների պատասխանատվությանը, բանախոսը նշեց, որ այդ ամբողջ աշխարհում երկու սկզբունքից է ելնում` կամ նոտարը պետական պաշտոնյա է, կամ էլ հասարակական գործառույթ իրականացնող անձ է: Այսօր մեր գործող օրենքի շրջանակում նոտարը համարվում է հանրային որոշակի գործառույթներ իրականացնող անհատ, որն իր գործունեությունն իրականացնում է որևէ կազմակերպաիրավական ձևով և օրենքով: «Նոտարն իր ծառայությունների համար օրենսդրության համաձայն պատասխանատվություն է կրում: Ուրիշ հարց է, թե ինչ պատասխանատվության է ենթարկվում: Գիտենք, որ վնասի փոխհատուցման դատական պրակտիկան այնքան էլ տարածված չէ ՀՀ-ում: Ես չեմ հորդորում բոլորին` գնան նոտարներին դատի տան, բայց խնդիրն այն է, որ անձի իրավունքները խախտվել են նոտարի ապօրինի գործողությունների արդյունքում»,-բացատրեց Արամ Օրբելյանը: Նա մտաբերեց, որ նման մեկ դեպք են հայտնաբերել, սակայն խնդիրն այն է, որ այդ դեպքերում անձինք պետք է դիմեն նախարարություն կամ դատարան: Եթե նախարարությունը, ըստ նրա, նոտարների գործունեությունը սկսում է անընդհատ վերահսկել, նոտարը, որպես այդպիսին, հնարավոր է վերանա: Նախարարությունը վերահսկողությունն իրականացնում է, սակայն նրա խոսքերով, այդ արվում է, ընդհանուր առմամբ, օրինականության հիման վրա: «Բայց մենք չունենք որևէ գործիք ճշտելու` արդյոք նոտարի սարքած պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանո՞ւմ է քաղաքացու պահանջներին, թե՞ ոչ: Մենք ստուգում ենք, որպեսզի նոտարն ապօրինի գործարք վավերացրած չլինի: Այդ առումով վիճակն այնքան էլ վատ չէ: Խնդիրը հիմնականում կայանում է անգործությունների դեպքում: Կան բողոքներ, երբեմն բողոքում են, բայց չեն կարողանում 100 տոկոսով համոզել»,-ասաց փոխնախարարը: Նա հավաստիացրեց, որ գանձումների մասով հսկողություններ իրականացվում են: Նոտարների պատասխանատվության չափը, փոխնախարարի խոսքերով, երբեք չի եղել սահմանափակված: Համաձայն նրա` պատասխանատվության նորմերը պետք է կիրառվեն: «Նշված գների, գործողությունների խախտումը լուրջ խախտում է և պետք է գիտակցվի բոլորի կողմից: Դրա դեմ պայքարը պետք է լինի համատեղ: Երբ գանձվում է ավելի գումար, որ գանձվում է, պետք է զանգեն «թեժ գիծ»:«Թեժ գծի» համարը բոլոր նոտարական գրասենյակներում փակցված է: Երբ մենք իմանանք այդ խախտումը, կարող ենք համապատասխան արձագանք տալ»,- եզրափակեց նա: