|29.04.2011թ| Գրիգոր Մուրադյանն ընդունել է Սերբիայի Սահմանադրական դատարանի պատվիրակությանը
29/04/2011
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն ապրիլի 27-ին ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի սահմանադրական դատարանի նախագահ Դրագիշա Սլիեպչևիչի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արդարադատությանը, մասնավորապես, սահմանադրական արդարադատությանն առնչվող հարցեր: Հյուրերին հետաքրքրում էր նաև արդարադատության նախարարության և սահմանադրական դատարանի միջև նորովի համագործակցության ձևաչափերը: Նախարարի առաջին տեղակալը նախ փաստեց, որ ՀՀ արդարադատության նախարարության հիմնական գործառույթը արդարադատության ոլորտում օրենսդրական քաղաքականություն մշակելն է, խնդիր, որ անհնար է արդյունավետ իրականացնել առանց ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները հաշվի առնելու:
Սերբիայի սահմանադրական դատարանի նախագահի և անդամների խնդրանքով քննարկվեցին նաև Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի՝ դիմումը հետ վերցնելուն առնչվող դրույթները, ինչպես նաև օրենքում ամրագրված այլ հայեցակարգային լուծումներ, որոնք հյուրերը հատկապես կարևորեցին Սերբիայի սահմանադրական դատարանի հետագա գործունեության տեսանկյունից:
Պրն Գ. Մուրադյանը հույս հայտնեց, որ առաջիկայում կստեղծվեն հնարավորություններ Սերբիայի համապատասխան ոլորտի կառույցների հետ համագործակցության հաստատման և ամրապնդման համար: