|26.04.2011թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

26/04/2011

Ապրիլի 24-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում, 1997թ-ին կառուցված եկեղեցում, ձեռամբ քրեակատարողական հիմնարկի հոգևոր տեսուչ Տ.Ռուբեն աբեղա Զարգարյանի և դատապարտյալների մասնակցությամբ մատուցվեց սուրբ պատարագ: Արարողությանը մասնակցում էին քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռ.Հովհաննիսյանը, վարչության պետի տեղակալ Մ.Հարությունյանը և ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի վարչակազմը` հիմնարկի պետ Հ.Պետրոսյանի գլխավորությամբ: Սուրբ պատարագի ընթացքում հայր Ռուբենը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու զատկական պատգամը: Այնուհետև դիմելով ներկաներին` հայր սուրբն ուրախություն հայտնեց ձևավորվող համագործակցության և քրեակատարողական ծառայության պատրաստակամության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ պատարագի կազմակերպումը, ինչպես նաև տարբեր ձեռնակների միջոցով ազատազրկվածների հոգևոր կանոնավոր խնամատարությունը: Անդրադառնալով Սուրբ Հարության խորհրդի կարևորությանը` հայր սուրբը մասնավորաբար նշեց. «Սուրբ զատիկը մեր` քրիստոնյաներիս հաղթանակի տոնն է: Տիրոջ հարությամբ ոչ միայն խորտակվեց մեղքի ու մահվան իշխանությունը, այլև մարդկային նոր կյանքի սկիզբը դրվեց: Այսօր մենք ևս կանգնած ենք Սուրբ Հարության խորհրդի առջև` ոչ միայն ամրապնդելու մեր հավատն ու հույսը, այլև վերափոխելու մեր կյանքը»: Սուրբ պատարագի ավարտին եկեղեցու հարևանությամբ տեղակայված խաչքարի մոտ, որը կառուցվել է 1988թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, կատարվեց նաև հոգեհանգիստ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի: