|23.03.2011թ| ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
23/03/2011
Վրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարարությունում քրեակատարողական և փորձարարական ուսումնական կենտրոնի և «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջև սույն թվականի մարտի 21-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կնքվել է համագործակցության հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարար տիկին Խաթունա Կալմախելիձեն, Վրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարարության քրեակատարողական և փորձարարական ուսումնական կենտրոնի տնօրեն տիկին Նատո Գուգավան, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Աշոտ Հայրապետյանը, Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (ՄԻՀ հիմնադրամ) ներկայացուցիչ պարոն Սուլխան Գամկրելիձեն։ Հուշագիրը նախատեսում է երեք տարի տևողությամբ համագործակցություն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների վերապատրաստման ոլորտում, ինչն իր մեջ կներառի միջազգային փոխադարձ համաժողովներ, կլոր սեղաններ, սեմինարներ, վերապատրաստումներ, ճանաչողական այցեր, համատեղ գիտահետազոտական ծրագրեր, ինչպես նաև վերապատրաստումների կազմակերպման, դասախոսությունների և խորհրդակցությունների անցկացման և համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով դասախոսների և փորձագետների փորձի փոխանակում: Նախարար Խաթունա Կալմախելիձեն իր խոսքում նշեց, որ հուշագիրը կնպաստի ՀՀ արդարադատության նախարարության և Վրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարարության վերապատրաստման կենտրոնների միջև փորձի փոխանակմանը: Բացի այդ, հուշագիրը դրական ազդեցություն կունենա երկու երկրների նախարարությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը: «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Աշոտ Հայրապետյանը իր խոսքում նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը կարևորում է Վրաստանի քրեակատարողական և փորձարարական ուսումնական կենտրոնի հետ փորձի փոխանակումը և ոլորտում նոր մոտեցումների շուրջ երկխոսությունը։ Սուլխան Գամկրելիձեն իր հերթին հավելեց, որ ՄԻՀ հիմնադրամը պատրաստ է աջակցել Վրաստանի և Հայաստանի արդարադատության ոլորտի ուսումնական կենտրոնների համագործակցությանը՝ կազմակերպության կողմից Կովկասում իրականացվող համագործակցության ծրագրի շրջանակներում։:
