|16.03.2011թ| Քննարկում ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ
16/03/2011
Մարտի 16-ին մեկնարկեց ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ջանքերով նախաձեռնած «Ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը ՀՀ օրենսդրությունում և այն ընդլայնելու միջոցների վերաբերյալ» երկօրյա քննարկումը, որի նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և Հայաստանի և ԵԽ փորձագետների մասնակցությամբ գտնել դրանց լուծումները` երկրի օրենսդրությունը ԵԽ չափորոշիչներին ներդաշնակ դարձնելով: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր բացման խոսքում նշեց. «Միջազգային փորձը վկայում է, որ ոչ միշտ է անձին ուղղելու միջոց ազատազկումն արդյունավետ, սակայն այլընտրանքային եղանակների ինստիտուտներ չունենալու կամ դրանց ոչ լիարժեքության պատճառով, Հայաստանում հիմնական շեշտադրումը դրվում է հենց ազատազրկման ձևով պատիժներին, որոնք մի շարք խնդիրներ են առաջացնում»: Այդ խնդիրներից առաջինը թերևս քրեակատարողական հիմնարկներում առկա գերբնակեցումն է: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում « ոչ ազատազրկման ձևով պատիժը 5-10 տոկոսից չի անցնում, մինչդեռ եվրոպական մի շարք երկրներում դրանց տոկոսը նույնատիպ հանցանքի համար հասնում է 30-40-ի», ասաց նախարար Թովմասյանը: Խնդիրներ են առաջացնում նաև Հայաստանի Քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակները , որոնք շատ հաճախ պիտանի չեն ցանկալի նպատակին հասնելու համար: «Հատկապես ոչ ծանր հանցագործությունների համար ազատազրկումը լավագույն միջոցը չէ: Աշխարհում եվրոպական երկրները գնում են այլ ճանապարհներով, մասնավորապես տնային կալանք, հանրային աշխատանք և այլն, որոնք շատ ու շատ արդյունավետ են իրենց նպատակին ծառայելու համար», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարար Հրայր Թովմասյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին նախարար Թովմասյանը տեղեկացրեց նաև, որ «Ազատազրկման ձևով պատիժ կրողը հասարակության համար խնդիրներ է առաջացնում պատիժը կրելուց և ազատ արձակվելուց հետո: 5-6 տարի ազատազրկման վայրում գտնվողը կորցնում է իր մասնագիտական ունակությունները, որպես կանոն չի կարողանում աշխատանք գտնել», ծագում են նոր խնդիրներ, սոցիալական, և «ադապտացիոն մեխանիզմների բացակայության պայմաններում» անձը նորից հայտնվում է ազատազրկման վայրում», -ասաց նախարարը հավելելով, որ հենց այս խնդիրները լուծելու նպատակով կատարվում են համապատասխան քայլեր:
