|17.02.2011թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

17/02/2011

Հայաստանի Հանրապետության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ն.Փաշինյանը ս.թ. փետրվարի 14-ին որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ իրականության հետ որևէ առչնություն չունեցող հայտարարություն է հրապարակել: Մասնավորապես, հայտարարությամբ հայտնել է, թե իբր իր նամակները չեն ընդունվում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Իրականությունից զուրկ այս հայտարարությանն ավելացրել է նաև, որ ինքը հնարավորություն չունի իր ծրարները անձամբ հանձնելու իր ներկայացուցիչ փաստաբանին կամ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Ա.Սաքունցին: Նախ նշենք, որ դիտորդական խմբի ղեկավա Ա.Սաքունցը նշված նամակները պահանջել է ոչ աշխատանքային օր, իսկ այդ օրերին քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումները չեն աշխատում և փաստացի անհնարին է նամակնեը հանձնել, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն դրանք պետք է հաշվառվեն համապատասխան մատյանում: Դատապարտյալն իր հայտարարություններում բազմիցս հիշատակում է մի շարք իրավական ակտեր, այդ թվում` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը: Մեր խորին համոզմամբ, դատապարտյալը, իրավական պարզ գործառույթները քաղաքականացնելուն ուղղված անօգուտ գործում դիտավորությամբ որևէ հղում չի կատարում ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի 175րդ կետի պահանջներին, համաձայն որի, կալանավորված կամ դատապարտված անձինք նամակագրությունն իրականացնում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկների վարչակազմի միջոցով, այսինքն` դատապարտյալներն իրավունք չունեն անձամբ փոխանցելու որևէ նամակ, դրանք հասցեատերերին ուղարկել այլ կերպ, քան նախատեսված է օրենսդրությամբ: Հավելենք նաև, որ միայն հունվար ամսին դատապարտյալը վարչկազմին է հանձնվել թվով 9 նամակ, և դրանք ամբողջությամբ ընդունվել և հասցեատերերին են ուղարկվել: Այս պարագայում կարելի է միայն փաստել, որ դատապարտյալը դիտավորյալ չի հանձնում իր մոտ գտնվող մնացած նամակները, եթե այդպիսիք կան, այն պարզ պատճառով, որ պատրանք ստեղծի, թե իբր իր անձի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում: