|04.02.2011թ|ՔԿԱԳ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՏՐՎԵԼ Է ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

04/02/2011

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանի` ՔԿԱԳ մարմինների տարածքային բաժիններում առկա թերությունների, ինչպես նաև իրականացվող աշխատանքների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված 17.01.2011 գրությանն ի պատասխան, նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը տեղեկացնում է, որ կարևորելով նամակում բարձրացված հարցերը մեկ անգամ ևս համապատասխան հանձնարարական է ուղարկվել տարածքային բաժիններին: «Արմավիրի զարգացման կենտրոն» ԿՀ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանն իր նամակում, մասնավորապես շեշտել էր, որ կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում պարզել են, որ ՔԿԱԳ տարածքային որոշ բաժիններում բնակչությանը մատուցվող ծառայությունները ոչ պատշաճ մակարդակով է իրականացվում, նշված բաժիններին դիմող շատ քաղաքացիներ տեղեկացված չեն պետական գրանցումների և փաստաթղթերի ստացման համար օրենքով սահմանված պետական տուրքերի չափերի, դիմումների լրացման կարգի և փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասին: Արդյունքում`« Վարչական մարմինների ղեկավարներն ու աշխատակիցները, չարաշահելով պաշտոնական դիրքը, ստեղծում են բազամթիվ կոռուպցիոն ռիսկեր»: ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունն էլ իր հերթին է ուսումնասիրել հարցը և պարզել, որ «Առանձին ՔԿԱԳ բաժիններում չի կատարվել գործակալության 21.07.2009 թվականին տրված հանձնարակականի պահանջը», ինչն էլ քաղաքացիների իրավացի դժգոհությունների և բողոքների համար առիթ է հանդիսացել: Ուստի բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, իրականացվող գործառույթների թափանցիկությունը և տեղեկատվության մատչելիությունն ապահովելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով հանձնարարվել է ` ՔԿԱԳ բաժնում `քաղաքացիների համար տեսանելի վայրերում փակցնել. ա/ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքացիական ակտերի գրանցման և տեղեկանքների տրամադրման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը, բ/ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումների ձևաթղթերի նմուշները, գ/ ՔԿԱԳ բաժնի աշխատանքի օրերը և ժամերը: Հանձնարարվել է նաև խստորեն պահպանել քաղաքացիների կողմից պահանջվող փաստաթղթերի տրամադրման և դիմումների քննարկման համար օրենքով նախատեսված ժամկետները: Եթե հայտնաբերվեն հանձնարարականի պահանջները չկատարելու դեպքեր, միջնորդություն կներկայացվի տվյալ համայնքի ղեկավարին` ՔԿԱԳ աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: