Դեռևս շարունակվում է ավանդատուների ժառանգների դիմումների ընդունման գործընթացը:

03/12/2007

«Աքսա» ապահովագրական ընկերության գործով արդարադատության նախարարությունում դեռևս շարունակվում է ավանդատուների ժառանգների դիմումների ընդունման գործընթացը: ՉԻ նվազել ինչպես քաղաքացիների ակտիվ հոսքը նախարարություն, այնպես էլ հնչող բազմաթիվ հեռախոսազանգերը` գործընթացի պարզաբանման հարցերի շուրջ: Դիմում կարող են ներկայացնել բոլոր այն անձինք, որոնց նախնիների անուն-ազգանունները ներաոված են «Աքսա» ընկերության կողմից ներկայացված ցանկում (ցանկին կարող եք ծանոթանալ` www.moj.am կայքում): Ընդ որում հիշյալ ցանկում ներառված տեղեկությունները սպառիչ են, և արդարադատության նախարարությանը որևէ այլ նոր տեղեկություն «Աքսա» ապահովագրական ընկերության կողմից չի տրամադրվել: Դիմումները կարող են ուղարկվել ինչպես անհատական նախաձեռնությամբ, այնպես էլ արդարադատության նախարարության միջոցով, որն անհրաժեշտ իրավական և տեխնիկական օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին դիմումներ կազմելու և ուղարկելու, իսկ փաստաթղթերի անբավարարության դեպքում` նաև անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում: Ընդ որում նշենք, որ դիմողը ավանդատուի հետ իր ազգակցական կապը հիմնավորելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի պատճենները` անձնագիր, ծննդյան, մահվան, ամուսնության վկայական, զինվորական և աշխատանքային գրքույկներ, արխիվային տեղեկանքներ, տոհմածառ, նամակներ, լուսանկարներ, շիրմաքարի կամ այլ նկարներ, թերթերից և գրքերից նյութեր, հոդվածներ, ինչպես նաև ազգակցական կապ հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ: Ցանկին ծանոթանալու, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու, դիմումներ կազմելու և դրան կից անհրաժեշտ փաստաթղթեր ուղարկելու ողջ գործընթացը արդարադատության նախարարությունը իրականացնում է անվճար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարարությունը արդեն քաղաքացիներից ստացել է 1700 դիմում, որից 500 դիմում արդեն ուղարկվել է; Արդարադատության նախարարությունում դեռևս շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը: Դիմումները անհատական նախաձեռնությամբ կարող են ուղարկվել ուղարկվել մինչև 2008 թ. հունվարի 7-ը: