|01.12.2010թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
01/12/2010
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը` արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանի գլխավորությամբ, 2010 թվականի նոյեմբերրի 24-ից 27-ը գործուղղվել էին Ստամբուլ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 30-րդ համաժողովին: Համաժողովի քննարկման ենթակա թեմաներն են եղել արդարադատության մոդերնիզացումը երրորդ հազարամյակում, արդարադատության թափանցիկությունն ու արդյունավետությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ պարոն Էրոլ Ասլան Սեբեցին իր ելույթում կարևորեց համաժողովի քննարկման թեմաները, նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը կարող է կասկածի տակ դնել մասնավոր կյանքը և տեղեկատվության անձեռնմխելիությունը:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը իր ելույթում նշեց, որ արդարադատության համակարգի մոդեռնիզացումը հնարավորություն կտա լայն օգտագործել դատական պրակտիկան բոլոր դատարաններում, դատական համակարգը կգործի միասնականացված և նույնական, ինչն էլ համակարգը կդարձնի առավել թափանցիկ: Պարոն Համմարբերգը մատնանշեց ԵԽ անդամ երկրների դատարաններում առկա երկու խնդիր, առաջինը այն, որ դատաքննության ժամկետները չափազանց երկար են, և երկրորդը, որ դատական որոշումները ոչ միշտ է, որ արդյունավետ կատարվում են: Պարոն Համմարբերգը նաև ողջունելի համարեց ԵԽ անդամ երկրներում քրեակատարողական համակարգերի անցումը արդարադատության նախարարություններին:
Իր ելույթով հանդես եկավ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) նախագահ պարոն Մաուրո Պալման, որը նշեց, որ բանտերի ծանրաբեռնվածությունը խնդիր է, որը ԵԽ-ն դեռ չի հաղթահարել: Պետք է միջոցներ ձեռնարկել կրճատելու կալանավորման ժամկետները, ինչպես նաև կալանավորում խափանման միջոցը պետք է կիրառվի հազվադեպ և միայն որպես բացառություն: Նա նշեց նաև, որ քրեակատարողական հիմնարկների թվի ավելացումը չի կարող համարվել բանտերի գերծանրաբեռնվածության խնդրի լուծման արդյունավետ միջոց: Պետք է, նախ և առաջ, վեր հանել և վերացնել ազատազրկված անձանց թվի ավելացմանը նպաստող գործոնները: Պարոն Պալման կարևորեց նաև բանտային անձնակազմի վերապատրաստումների իրականացումը և անչափահասների պատժին այլընտրանքների ընդլայնումը:
Համաժողովի առաջին օրը եզրափակվեց Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթով, որը ևս մատնանշեց բանտերի գերծանրաբեռնվածության խնդիրը: Նախարարը հայտնեց, որ նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկներ, մասնավորապես շրջաններում, որպեսզի կրճատվեն դատապարտյալների փոխադրման հետ կապված ծախսերը: Որպես օրինակ բերվեց նաև Նախիջևանում քրեակատարողական հիմնարկ կառուցելու անհրաժեշտությունը, որը, ըստ Նախարարի, պայմանավորված է հարևան երկրի կողմից ագրեսիա ցուցաբերելու պատճառով Նախիջևանի հետ պատշաճ կապ ապահովելու անհնարինությամբ, և որ հարևան երկիրը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը (ընդ որում, Ադրբեջանի պատվիրակության` նախօրոք ներկայացված ելույթի տեքստերի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նշված հատվածը բացակայում էր):
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը հակադարձելով Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին, կոչ է արել չշեղվել կոնֆերանսի թեմաներից և նման ֆորմատի միջոցառումները չօգտագործել քաղաքական հայտարարություններ կամ ակնարկներ կատարելու համար, քանի որ երկրի անվտանգության ապահովման նպատակին ծառայող գոտիները որպես օկուպացիոն տարածքներ հայտարարելու հարցերը պետք է քննարկել համապատասխան ֆորմատով` հավատարիմ մնալով ազգային ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգային սկզբունքներին և բացի դա, նման հայտարարություններ անելու համար չկան իրավական որևէ հիմնավորումներ :