|25.11.2010թ| ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
25/11/2010
Նկատի ունենալով լրատվության միջոցներից ստացված հարցումները, հայտնվում է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրանքով դատապարտված Ն.Փաշինյանը ս.թ. նոյեմբերի 15-ին, ժամը 16։00-ին սահմաններում, պաշտպանի հետ տեսակցելուց հետո, խախտելով քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, առանց համապատասխան թույլտվության, լքել է հերթապահ մասը, ինչի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Հաշվի առնելով դատապարտյալի կողմից նախկինում թույլ տրված ներքին կանոնակարգի բազմաթիվ խախտումները, որոշում է ընդունվել դատապարտյալին տեղափոխել պատժախուց` 15 օր ժամկետով։
Լրատվության առանձին միջոցների և քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև դատապարտյալի «ճակատագրով» իբր մտահոգված մյուս անձանց, կոչ ենք անում զերծ մնալ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հանցագործության համար համապատասխան պատժի դատապարտված Ն.Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառման իրավաչափ և պարզ գործառույթը քաղաքականացնելուց։