|09.11.2010թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

09/11/2010

Վերջին շրջանում, կապված նոտարների թեկնածուների համար հայտարարված քննության հետ, մամուլում հաճախ են հայտնվում վստահ կանխատեսումներ, թե ինչպիսի ընթացք է ունենալու քննությունը։ Ներքին տրամաբանությունից զուրկ և ակնհայտ հակասական այդ «վերլուծականներում» այն միտքն է առաջ քաշվում, որ իբր նախապես որոշված են քննության արդյունքները, ինչպես նաև առաջիկայում նոտարական նոր գրասենյակներ բացելու հարցը։ Այն, որ կարճ ժամանակ անց (քննությանը մնացել են հաշված օրեր), գուշակության հեղինակները չարաչար սխալվելու են և փորձելու են իրենց բնորոշ մտածելակերպով «արդարանալ և բացատրել», թե ինչու իրենք չկարողացան ճիշտ կռահումներ անել, խնդրի մի կողմն է։ Դրա համար, ի դեպ, հարկ էր պարզապես չանտեսել, որ բազմաթիվ պաշտոնյաների ազգականներ արդեն իսկ ձախողվել են քննություններից։ Առավել հրատապ ենք համարում թափանցիկության ջատագովներին գուշակությունների փոխարեն, օգտվել իրենց ընձեռած հնարավորությունից, մասնակցել քննության ընթացքին, ինչի արդյունքում, համոզված ենք, որ տեսակետ կձևավորվի ոչ թե սոսկ անձնական ինչ-ինչ նկատառումներով համակարգից դժգոհ անձանց խնամքով խեղաթյուրված «հույժ գաղտնի տվյալների», այլ` կոնկրետ իրավիճակի վերլուծության հիման վրա։ Միաժամանակ, նախարարությունը հետևողականորեն շարունակելու է այդ ոլորտում արմատական բարելավումներ իրականացնելու քաղաքականությունը` հերթերը բացառելու նկատառումով սպասարկման առավել քաղաքակիրթ եղանակների ներդրում, սպասարկման ծախսերի կրճատում, նոտարական վավերացման ենթակա գործարքների սահմանափակում և այլն։