|15.11.2007| Աշխատանքային սեմինար

15/11/2007

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ուղղիչ համակարգը ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչը բարենպաստ է անդրադարձել բանտարկյալների կեցության պայմանների վրա, կարծում է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսը: «Ես բազմաթիվ տարիներ այցելում եմ Հայաստանի կալանավայրեր եւ կարող եմ հավաստիացնել, որ բանտարկյալների կեցության պայմանները զգալիորեն բարելավվել են», ասել է Ռեյնոլդսը, ելույթ ունենալով Երեւանում տեղի ունեցած Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունների սոցիալական, հոգեբանական եւ իրավական խնդիրների շուրջ կազմակերպված աշխատանքային սեմինարի բացման ժամանակ: Նրա խոսքով, այս ամենին նպաստել է ինչպես նախարարության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աշխատանքը, մասնավորապես, ուղղիչ համակարգի զարգացման գործում մեծ ներդրում է արել ԿԽՄԿ-ն: Հայաստանում 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կալանավորների շրջանում գրանցվել է հացադուլի 136 դեպք` այնքան, որքան ողջ 2006թ. ընթացքում: նույն սեմինարի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վաղինակ Քոչարյանը: Խոսելով կալանավայրերից ազատված անձանց սոցիալական ինտեգրման հարցի մասին, Վ.Քոչարյանը նշեց, որ ս.թ. տասը ամիսների ընթացքում հանրապետության քրեակատարողական հաստատություններից ազատ է արձակվել 513 կալանավոր, որոնցից 340-ը` պայմանական վաղաժամկետ: Միջին հաշվով մեկ տարվա ընթացքում Հայաստանի կալանավայրերը լքում է 650-700 մարդ, որոնք անխուսափելիորեն բախվում են սոցիալական ինտեգրման խնդրի հետ: «Եվ հենց այս խնդիրն է հիմնականում դառնում հանցագործությունների շարունակության պատճառ», ընդգծեց նա: