|02.11.2010թ| Քաղաքացիներն այսուհետ կխուսափեն ավելորդ քաշքշուկից

02/11/2010

«Կյանքի է կոչվում «մեկ պատուհան » սկզբունքը, համաձայն որի, քաղաքացին ստիպված չի լինի ռեգիստրում գործողություններ իրականացնելու համար մի անի փուլ անցնել»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը: «Այսուհետ դադարեցվելու է քաշքշուկը և ֆիզիկական կամ իրավաբանական անձին մնում է միայն պետական մարմին հայտ ներկայացնել և եթե պետական մարմնին հայտը հետաքրքրի, ապա մնացածը կանի հենց ինքը: Այսինքն` այլևս պետք չէ վազել տարբեր վարչական ատյաններով»,- հավելեց նախարարը: Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն , լիներ իրավաբանական թե ֆիզիկական անձ` պետռեգիստրին դիմելուց հետո պետք է դիմեր նաև հարկային մարմիններին, որպեսզի կանգներ հաշվառման և այլն: Ավելին, եթե սահմանված ժամկետում էլ հաշվառման չէր կանգնում, ապա ենթարկվում էր վարչական պատասխանատվության` տուգանքի վճարման տեսքով: «Հիմա մենք ասում ենք, որ գրանցվելուց այլ մարմինների դիմելու կարիք չեք ունենալու և հարկային մարմինը ձեզ չի կարող ենթարկել պատասխանատվության` հաշվառումից խուսափելու համար, որովհետև եթե ստացվի այնպես, որ սահմանված ժամկետում ձեր կառույցը հաշվառման չի կանգնել, ապա դրա մեղավորը ոչ թե դուք եք, այլ այն վարչական մարմինը, որը որ գրանցել է` տվյալ դեպքում Արդարադատության նախարարությունը»,- տեղեկացրեց Գ.Դանիելյանը: Որպեսզի ոլորտը հնարավորինս ձերբազատվի կոռուպցիոն ռիսկերից, նախարարությունը որոշել է կրճատել պաշտոնյա-դիմումատու շփումը, դրա համար, նախ, վարչարարության կիրառումից հետո, արդեն նոր շենքում, դիմումատուն գործ կունենա բացառապես օպերատորների հետ, որոնք պարզապես կբացատրեն հայտի ներկայացման ընթացակարգը, բացի այդ ներդրվելու է գրանցման հայտ ներկայացնելու էլեկտրոնային տարբերակը: Գ.Դանիելյանը հիշեցրեց` գործող օրենսդրությամբ , օրինակ, շուրջ 9 փուլ էր հարկավոր անցնել, որպեսզի ավարտին հասցվեր գործարարության գրանցումը, իսկ ժամկետի առումով դա տևում էր 18 օր: Կառավարության ներկայացրած վարչարարության արդյունքում փուլերը կկրճատվեն մինչև 4-ը, ժամկետն էլ` առավելագույնը 5-6 օր. «Եթե գրանցումը լինի էլեկտրոնային տարբերակով, ապա ընդամենը 1 օրւմ կլուծվի այդ հարցը»,- ավելացրեց նա: Աղբյուր` Panorama.am