|19.10.2010թ| ՆԱԽԱՐԱՐԻ ԵԼՈւՅԹԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 5-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ
19/10/2010
Մեծարգո հյուրեր, սիրելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
Ողջունում եմ աշխարհամասի հինավուրց ու իրավական մշակույթի բնօրրաններից մեկում` Հայաստանում Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի մասնակիցներին և մաղթում արգասաբեր աշխատանք։
Անցած ժամանակաշրջանի Ձեր գործունեությունը` այս կառույցի կենսունակությունը և գիտագործնական հիմնախնդիրների առավել արդարացի ու հիմնավորված լուծումներ առաջադրելու անվերապահ ունակության հիրավի վառ ապացույցն է։ Բազմիցս առիթ ենք ունեցել ուսումնասիրելու և ուղեցույց ընդունելու Խորհրդի կողմից մշակված բանաձևերն ու խորհրդատվական եզրահանգումները։ Այս խոսքերը ասում եմ, որպես իրազեկ պաշտոնատար անձ, քանզի նախկինում գլխավոր դատախազի տեղակալի կարգավիճակով ևս առիթ եմ ունեցել մասնակցելու այդ աշխատանքներին։
Յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր պետության դատախազության համակարգ, անգամ յուրաքանչյուր դատախազ կամ անհատ իրավագետ, բնականաբար ունի բացառապես իրեն ներհատուկ իրավական մշակույթ, և այդ բազմազանությունը անվերապահորեն ողջ մարդկության ինտելեկտուալ հարստությունն է։ Համոզված եմ, որ հենց այդ հարստության վրա խարսխված այս նիստում ևս փորձ է արվելու մշակել առավել համամարդկային, առավել փոխընդունելի ու քաղաքակրթության արդի պահանջներին համահունչ հիմնադրույթներ։ Չունենալով բազմերանգ ներկապնակ, մենք չենք կարող արժեքավոր ստեղծագործություններ ունենալ։
Ընդ որում, միմյանցից խիստ տարբերվող իրավական համակարգերի միջև կամուրջների կառուցումը, ինտեգրման խելամիտ եղանակներին նախապատվություն տալը թելադրված է համայն մարդկության դեմ ուղղված և խիստ անհանգստացնող արդի մարտահրավերներին համարժեք դիմակայելու անհրաժեշտությամբ։ Աններելի է, երբ միջազգային հանցավոր խմբավորումները կարողանում են ավելի արագ համագործակցել միմյանց հետ, քան դա երբեմն հաջողվում է դրա դեմ պայքար մղող պետությունների իրավապահ մարմիններին։
Համոզված եմ, որ այս դահլիճում գտնվում են պրոֆեսիոնալ դատախազներ, որոնք մեկ անգամ չէ, որ աչքի են ընկել իրենց կատարած արդյունավետ գործերով ու առաջադեմ գաղափարներով, որոնք ունակ են դիմակայելու այդ մարտահրավերներին և թույլ չտալու, որպեսզի միջազգային հանցավորությունը ձախողի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ու յուրաքանչյուր անհատի համակողմանի զարգացման գերխնդրի լուծումը։
Հայաստանը հյուրընկալ երկիր է, այնպես որ արդյունավետ աշխատանքից հետո Ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ։
Շնորհակալություն ուշադրության համար, իսկ Ձեզ հաջողություններ