|15.10.2010|ՆԱԽԱՐԱՐԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ 20 ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

15/10/2010

[center][b]Հարգարժան տիկնայք և պարոնայք,[/b][/center] Շնորհավորելով արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի 20-ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ ընդգծել, որ այսօր մենք, ըստ էության, տոնում ենք հիրավի մի ինքնատիպ ազգային կառույցի ծննդյան տարեդարձը: Իսկ ինչով է ինքնատիպ. կարծում եմ, այդ հարցը պարզելու համար իմաստ ունի անդրադառնալ այդ կառույցի ստեղծման ու կայացման պատմաքաղաքական որոշ դրվագների: Այսօր, գրեթե բոլոր գերատեսչությունները, միանգամայան իրավաչափորեն, ունեն իրենց վերապատրաստման ինստիտուտները, սակայն դրանք կամ ստեղծվել են բավականին վաղուց, կամ անկախության ու պետականության ձեռք բերման փաստի ուժով` հետագա տարիներին, երբ արդեն կային բավարար քաղաքական նախադրյալներ ազգային կառույցներ ձևավորելու համար: Մինչդեռ, այս ինստիտուտի հիմնադրման բուն գործընթացը սկսվել է դեռևս խորհրդային համակարգում ու արդեն ավարտվել անկախության ձեռք բերման առաջին ամիսներին: Կարծում եմ, հասկանալի է, թե ինչպիսին էր լինում արձագանքը խորհրդային տարիներին նմանաբնույթ նախաձեռնությունների նկատմամբ, մանավանդ, երբ դրանք արդեն համընկնում էին խորհրդային պետական համակարգի փլուզման վերջին ժամանակահատվածին, քանզի ցանկացած այդպիսի նախաձեռնություն ոչ թե դիտարկվում էր զուտ կառավարման բարելավման չափանիշներով, այլ` բացառապես նենգափոխված, խիստ քաղաքականացված ու կանխակալ դատողություններով: Գերիշխում էր այն մտայնությունը, որ յուրաքանչյուր այդպիսի քայլ սոսկ միտված է միության թուլացմանը` ազգային կառույցների հիմնադրման ճանապարհով: Ինչ խոսք, հենց խորհրդային համակարգում այդպիսի նպատակ էլ հետապնդել են այդ նախաձեռնության հեղինակները, ինչի արդյունքում հնարավոր է եղել ձեռք բերելու և բարոյական և զուտ գործնական հաղթանակ: Կարծում եմ, հանրությունը ծանոթ է այդ նախաձեռնության հեղինակին` հանձինս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ պարոն Արմեն Աշրաֆյանի, որն էլ հենց այդ բարդ տարներին եղել է Հանրապետության արդարադատության նախարարը. եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք պարոն Արմեն Աշրաֆյանը եղել է խորհրդային Հայաստանի վերջին և նորանկախ Հայաստանի առաջին արդարադատության նախարարը: Առաջարկում եմ ողջունել ու շնորհավորել պարոն Աշրաֆյանին իր արարման արդյունքի տարեդարձի կապակցությամբ: Որքանով տեղյակ եմ, ինստիտուտի տնօրինությունը պարոն Աշրաֆյանի համար հաճելի անականկալ է պատրաստել և չի բացառվում, որ այսօր մեր գործընկերը կօծվի, որպես ինստիտուտի պատվավոր դոկտոր: Իմ շնորհակալության խոսքն եմ ցանկանում ուղղել նաև հետագա տարիներին այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցրած և ինստիտուտի կյանքում նկատելի դերակատարում ունեցած իմ մյուս գործընկերներին` պարոնայք Վահե Ստեփանյանին, Մարատ Ալեքսանյանին և Դավիթ Հարությունյանին: Մի գաղտնիք ևս, պարոն Վահե Ստեփանյանը իր պաշտոնավարության հենց սկզբում այդ ինստիտուտի տնօրենի պաշտոնում ցանկանում էր տեսնել մեզ բոլորիս քաջածանոթ և երկրի պետական ու, հատկապես, գիտական կյանքում խորը հետք թողած երջանկահիշատակ պարոն Վլադիմիր Նազարյանին: Վերջինս իր դիմումի համաձայն ամիսներ առաջ ազատվել էր Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից (ի դեպ, այդ որոշումը կայացվել էր հենց այն պահին, երբ հայտնի դարձավ, որ կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնից ազատվել է Սուրեն Հարությունյանը) և, ստանալով այդպիսի առաջարկ, ակնհայտ ոգևորվել էր և հրավիրելով ինձ և մի շարք այլ երիտասարդ իրավաբանների, այդ թվում` Հանրապետության դատախազությունից, առաջարկում էր աջակցել իրեն, քանզի անասանելի բարդ ու հիրավի արժեքավոր խնդիրներ էր ծրագրավորել: Ինչևէ, այս տոնական օրվա պարագայում չքաղաքականացնեմ ելույթս և միայն նկատեմ, որ այդ նշանակումը, հասկանալի պատճառներով պարզապես իրականություն չդարձավ, քանզի իշխանության վերադաս օղակները չէին կարող ներել պարոն Վլ.Նազարյանին: Այս դրվագն ուսանելի է, նախ այն առումով, որ ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ նշանակություն են տվել այս կառույցին իմ գործընկերները, իսկ, այնուհետև` ինչպես են դրան վերաբերվել մեր երևելի իրավագետները: Արդարադատության բոլոր նախարարներին, անշուշտ հաջողվել է այս ինստիտուտի կայացման գործում շատ ավելին անել, քան դա ինձ է հաջողվել: Թերևս, կարող ենք մի փոքր պարծենալ ինստիտուտի կողմից «Արդարադատություն» գիտական հանդեսի հիմնադրման նախաձեռնությամբ, սակայն ծրագրավորված անելիքներն էլ ավելի շատ են, ուստի Դուք մեզ ևս հաջողություն մաղթեք: Ի դեպ, գիտական հանդեսը լավ միջոց է երիտասարդ գիտնականներին իրենց հոդվածները տպագրելու համար, ինչը ինքնին կարևոր գործոն է, սակայն ցավալին այն է, որ ներկայումս ավագ սերնդի իրավագետների մոտ նկատվում է անհարկի պասիվություն, կան հրաշալի իրավագետներ, որոնք զլանում են անգամ տարին մեկ-երկու հոդված տպագրել, հանրությանը ներկայացնել իրենց դիրքորոշումը և հետազոտության արդյունքները: Այսպիսով, իրավագիտությունը երիտասարդանում է` դրանից բխող ինչպես դրական, այնպես էլ` բացասական հետևանքներով: Թերևս, ամեն ինչ առավել նախընտրելի կլիներ, եթե երիտասարդների ակտիվությունը զուգակցվեր գիտության ոլորտում ավագ սերնդի բավարար ներգրավվածության հետ: Ինչպես արդեն ասվեց, ինստիտուտը կոչված է ոչ միայն արդարադատության նախարարության, այլև ողջ քաղաքացիական ծառայության համակարգի ներկայացուցիչների վերապատրաստման գործի անխափան իրականացմանը: Այս առնչությամբ արձագանքները բավականին հուսադրող են: Այդ առնչությամբ առիթ եմ ունեցել լսելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ պարոն Մ.Բադալյանի դրվատանքի խոսքերը: Շնորհավորանքի եվ շնորհակալության իմ խոսքն եմ ցանկանում ուղղել նաև միջազգային այն կառույցներին, այդ թվում` ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակին, որոնք համարժեք գնահատելով ինստիտուտի դերը, ևս զգալի աջակցություն են ցուցաբերել: Իհարկե, սա նաև ինստիտուտի ներկայիս անձնակազմի տոնն է, ինչի առնչությամբ Ձեզ` պարոն Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ, մաղթում են հաջողություններ և նորանոր պիտանի նախաձեռնություններ: Փորձեք խույս տալ տրորված արահետներից և բացահայտել նոր ուղիներ և նոր գաղափարներ: Դուք չափազանց կարևոր գործ եք անում. պետությանը, հասարակությանը, կոնկրետ քաղաքացուն իրավագետը կարող է պիտանի լինել միայն մի դեպքում, երբ մարդկային և կազմակերպական անհրաժեշտ հատկանիշներից զատ, լավ մասնագետ է: Շնորհակալություն ուշադրության համար: