|24.10.07| Կարգապահական տույժ

24/10/2007

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն ԲԱԲԱՅԱՆԸ երեկ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է «Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, դատապարտյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանին տույժի են ենթարկել` պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելուց խուսափելու պատճառով: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պաշտոնապես հայտարարում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նույն զորակցությունն իր հաղորդագրությամբ հայտնել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Պետրոսյանը մասնակցելով դատապարտյալ Ժ.Սեֆիլյանի ընդունելությանը` զրույցի է բռնվել Ժ.Սեֆիլյանի հետ, որի ընթացքում, վերջինս պետության նկատմամբ արտահայտվել է անհարգալից, իսկ Պետրոսյանի հետ խոսել է «Դու»-ով, որի առթիվ գնդապետ Պետրոսյանը, հաջորդ օրը միջադեպի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել հիմնարկի պետին: Հայտնում ենք, որ գնդապետ Ս.Պետրոսյանը որևէ զեկուցագիր չի ներկայացրել այդ առիթով: Հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության կապիտան Է.Մութաֆյանը, հենց նույն օրը, կատարվածի առիթով զեկուցագիր է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին, նշելով, որ սույն թվականի հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված, դատապարտյալ Ժիրայր Սեֆիլյանը ընդունելության ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել նույն քրեակատարողական հիմնարկի անձնակազմի նկատմամբ: Հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Պետրոսյանը պահանջել է հարգալից վերաբերվել ինչպես իր, այնպես էլ հիմնարկի մյուս աշխատակիցների նկատմամբ, սակայն դատապարտյալը շարունակել է նույն վարքագիծը` Պետրոսյանի և մյուս աշխատակիցների նկատմամբ վիրավորական խոսքեր ուղելով և չկատարելով աշխատակիցների օրինական պահանջները: Միջադեպի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը հանձնարարական է տվել համապատասխան աշխատակցին, դեպքի հանգամանքները պարզելու և զեկուցելու վերաբերյալ: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ԱԱԲ-ի կապիտան Մ.Գալստյանը, հոկտեմբերի 18-ին, բացատրություններ է վերցրել հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ս.Պետրոսյանից, հիմնարկի Հ.Խ.Պ. հերթապահ, արդարադատության կապիտան Է.Մութաֆյանից, հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Ա.Եսայանից և առաջատար մասնագետ, արդարադատության լեյտենանտ Ս.Օհանյանից, որոնք տվել են նույնաբովանդակ բացատրություններ, իսկ դատապարտյալ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է բացատրություն տալուց, արձանագրության մեջ նշելով, որ «Եթե ինչ-որ քննություն է գնալու ինձ հետ, ես դա համարում եմ անհեթեթ և ընկալում որպես քաղաքական հալածանքի շարունակություն, ուստի հրաժարվում եմ պատասխանել Ձեր հարցերին» ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Լ.Բաղդասարյանի, 2007թ. հոկտեմբերի 18-ի որոշմամբ, դատապարտյալ Ժ.Սեֆիլյանը ենթարկվել է տույժի` հայտարարվել է «նկատողություն» հետևյալ պատճառաբանությամբ. հիմնարկի ղեկավարության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, աշխատակիցների օրինական պահանջները կատարելուց հրաժարվելու, այսինքն, խախտել է ներքին կանոնակարգով սահմանված, կալանավորված անձանց և դատապարտալների վարքագծի կանոնների 19-րդ կետը, որը սահմանում է` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին դիմում է «Դուք»-ով և կոչում «քաղաքացի» կամ «քաղաքացուհի» կամ, համապատասխանաբար, «կալանավորված» կամ «դատապարտյալ»` ավելացնելով ազգանունը: Կալանավորված անձինք և դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը: Սեֆիլյանը խախտել է նաև, վարքագծի կանոնների 23 կետի 10-րդ ենթակետը, որը սահմանում է, կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է հակաճառել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում պահպանություն և հսկողություն իրականացնող վարչակազմի ներկայացուցչին, հրաժարվել կամ խուսափել նրա օրինական կարգադրությունների կատարումից:»