| 18.09.2010 | ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
18/09/2010
2010թ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանի մամուլի ասուլիսը: Ինչպես հայտնի է, ներկայումս իրականացվում է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ առաջին փուլը իրականացվել է 2001-2006թթ-ին, իսկ երկրորդը սկսել է 2007թ-ից և կշարունակվի մինչև 2012թ դեկտեմբեր ամիսը: Ծրագրերն հիմնականում իրականացվում են Համաշխարհային բանկի վարկերի շնորհիվ: Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլի ծրագրերի արժեքը գնահատվում է մոտավորապես 36-37 միլիոն ԱՄՆ դոլար, որից վարկերից ստացված գումարը կազմում է 22.5 մլն դոլար: Համակարգային բարեփոխումների շրջանակում, բացի դատարանների շենքերի կառուցման և վերակառուցման աշխատանքներից, նախատեսվում է դատարաններին տեխնիկական աջակցության ցուցաբերում, արբիտրաժային համակարգի ամրապնդում, դիտարկվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքների ծավալման մեթոդիկայի փոփոխության հնարավորությունը, որտեղ ենթադրվում է ներգրավվել նաև մասնավոր ընկերությունների: Մեծ նշանակություն է տրվում նաև այս հարցերի շուրջ ազգաբնակչության տեղեկացվածությանն ու իրավական ոլորտի վերաբեյալ տեղեկությունների մատչելիության ապահովմանը: Այս նպատակով, մասնավորապես, Երևանում և մի քանի մարզերում արդեն տեղադրված են «Դատալեքս»հատուկ էլեկտրոնային կրպակներ, որոնց թիվը երեսունն է և նախատեսվում է դրանց թվաքանակի ավելացում: Մայրաքաղաքի բոլոր դատարաններում տեղադրված են «Դատալեքս» մոնիտորներ, որոնց միջոցով հնարավոր է իմանալ, թե ինչպիսի դատական նիստեր են տվյալ օրը նախատեսված: Ա.Թունյանը հայտնեց, որ ավարտվել են Լոռու մարզի, Չարենցավանի, Մասիսի և Վայքի դատարանների կառուցման և վերանորոգման աշխատանքները: Ավարտին են մոտենում աշխատանքները նաև Գորիսում և Մեղրիում, իսկ մի քանի քաղաքներում նախատեսվում են սկսել համանման աշխատանքներ: Բանախոսն ընդգծեց, որ մարզերում դատարանների շենքերի խնդիրը առավել սուր է, քան Երևանում, որի պատճառով էլ մայրաքաղաքի սահմաններից դուրս գործնականում հարկ է լինում ոչ թե վերանորոգել, այլ կառուցել հիմնովին նոր շենք: Գրասենյակի տնօրենը նշեց նաև, որ այս ամսում մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում սկսվել են Դատական ակադեմիայի շենքի կառուցապատման աշխատանքները: Ա.Թունյանի կարծիքով, տաս տարվա աշխատանքների ընթացքի արդյունքում հաջողվել է հասնել որոշակի դրական արդյունքների: Որպես մեծ ձեռքբերում, նա հատկապես նշեց նաև դատական համակարգի ավտոմատացման սկզբունքը, այսինքն դատական նիստերի տեխնիկական հագեցվածությունը, ընթացակարգերի համակարգչային ձայնագրությունը և այլն:
