| 27.07.2010 | ԶԵԿՈւՅՑ
27/07/2010
[right] Հայաստանի Հանրապետության Վարչապետ
Պարոն Տիգրան Սարգսյանին[/right]
[center] Զեկույց
պետական սահմանի պահպանմանն առնչվող
հարաբերությունների իրավական կարգավորման
վիճակի և այդ ոլորտում առկա խնդիրները լուծելու
վերաբերյալ[/center]
Մեծարգո Պարոն Վարչապետ,
Դեռևս 1994թ. հուլիսի 23-ին ընդունվել է «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի առնչությամբ 1995թ. նոյեմբերի 22-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 298 որոշումը։ Այդ որոշմամբ հաստատվել են 5 այլ իրավական փաստաթղթեր` կանեններ, սահմանանշանների ձևեր և այլն։
Հետագայում` 2001թ. նոյեմբերի 20-ին ընդունվել է «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի մի շարք հոդվածներ լիազորել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իր որոշումներով կանոնակարգելու առանձին հարաբերություններ` անցման կետերի սահմանման, սահմանանշանների ձևերի, տեղադրման կարգի, նկարագրի, պետական սահմանի խնամքի կանոնների մասին և այլն։ Սակայն այդ հոդվածներով նախատեսված որոշումներից և ոչ մեկն առ այսօր չի ընդունվել, փոխարենը շարունակում է ուժի մեջ մնալ նախկինում ընդունված և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից դեռևս 2001թ. դեկտեմբերի 17-ից ուժը կորցրած օրենքի հիման վրա ընդունված որոշումը։
Ընդ որում, տվյալ դեպքում չի կարելի եզրակացնել, որ ոլորտին առնչվող հարաբերությունները պատշաճ իրավական կարգավորում են անցել նաև հետևյալ պատճառաբանությամբ. նախ, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի և ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում է, բացի այդ, այն իր բովանդակությամբ համահունչ չէ գործող օրենքի դրույթներին։ Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ընդունվել է` ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994թ. ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման հիման վրա, որը ևս ուժը կորցրել է 2001թ. դեկտեմբերի 17-ից։
Իրավական ոչ լիարժեք կանոնակարգման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ գործող օրենքով նախատեսված են նաև լրացուցիչ այլ հարաբերություններ, որոնք պետք է կանոնակարգվեին կառավարության որոշումներով, սակայն դեռևս դրանք չեն ընդունվել։ Այսպես, գործող օրենքի 10-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի կամ թռչող այլ սարքերի թռիչքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո դրանց վայրէջքն իրականացվում են միջազգային թռիչքների համար բաց օդանավակայաններում։ Թռիչքի և վայրէջքի այլ կարգ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Նույն հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմաներ բաց օդանավակայաններում գտնվելու, թռիչքի և վայրէջքի կանոնները և այլն։
Մեկ այլ օրինակ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կանոնակարգված է քաղաքացիների և այլ անձանց մուտք գործելու և մեկնելու հարաբերությունները, մինչդեռ` գործող օրենքի 11-րդ հոդվածը լիազորում է կառավարությանը` ընդհանուր կարգից բացի, սահմանելու անձանց և տրանսպորտային միջոցների պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ։ Ընդ որում, ընդհանուր կարգում պետք է կանոնակարգումներ լինեն` կապված նաև կենդանիների կամ այլ գույքի բացթողնման հետ։
Այս առումով, նպատակահարմար է սեղմ ժամկետում կազմակերպել հիշյալ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը` հաշվի առնելով մշակվող հայեցակարգի հիմնադրույթները։ Մասնավորապես, «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա, կարիք կա կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հետևյալ հարաբերությունները`
1) պետական սահմանի սահմանանշանների ձևերը, տեղադրման կարգը և նկարագիրը (օրենքի 6-րդ հոդված),
2) պետական սահմանի խնամքի կանոնները (օրենքի 9-րդ հոդված),
3) երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու համար անցման կետերը (օրենքի 10-րդ հոդված),
4) պետական սահմանի անցման կետերում մաքսային գոտիները (10-րդ հոդված),
5) բաց օդանավակայաններում թռիչքի, դրանցում գտնվելու և վայրէջքի կանոնները (օրենքի 10-րդ հոդված),
6) բաց օդանավակայաններում թռիչքի այլ կանոնները (օրենքի 10-րդ հոդված),
7) պետական սահմանով` անձանց տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնման կարգը (օրենքի 11-րդ հոդված),
8) անձանց և տրանսօորտային միջոցների` պետական սամանով բացթողնման պարզեցված կարգը (օրենքի 11-րդ հոդված),
9) սահմանյին վերահսկողություն և մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքերի ընտրման կարգը,
10) պետական սահմանի հատման կանոնները (օրենքի 8-րդ և 20-րդ հոդվածներ),
11) պետական սահմանում տնտեսական գործունեություն ծավալելու կանոնները (օրենքի 8-րդ և 20-րդ հոդվածներ),
12) սահմանակից պետությունների հետ սահմանային միջադեպերի լուծման կարգը (օրենքի 8-րդ և 20-րդ հոդվածներ)։
Հիշյալ հարաբերությունների վերաբերյալ կարելի է ընդունել նաև կարգավորման առարկայի ընդհանրության վրա հիմնված խմբավորված որոշումներ։
Մեծարգո Վարչապետ, կարծում եմ, նպատակահարմար է հանձնարարել պետական սահմանի կառավարման ոլորտում լիազոր մարմնին` շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակել համապատասխան իրավական ակտերի նախագծեր։ Օրինակ, կարելի է «սահմանային ռեժիմի մասին» իրավական ակտով կանոնակարգել հիշյալ օրենքի 8-րդ հոդվածով ներառված հարաբերությունները և այլն։ Ընդ որում, այդ նախագծերի հիմքում կդրվեն առաջիկայում մշակվելիք հայեցակարգի հիմնադրույթները։
Խորին հարգանքով` Գևորգ Դանիելյան