|15.06.2010| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ
15/06/2010
Հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով Հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Մարգարետ Սեկագյան հետաքրքրվել է <Հասարակական կազմակերպությունների մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի, ինչպես նաև ձերբակալված ու կալանավորված անձանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը տվել է հյուրին հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ, թվարկել է նշված բնագավառներում արդեն իսկ արված քայլերի ու արդյունքների մասին, կարևորելով դրանց շարունակական բնույթն ու դրական տեղաշարժը: Հանդիպման վերջում Մարգարետ Սեկագյան շնորհակալություն է հայտնել տրամադրված համակողմանի տեղեկատվության համար և խնդրել նախարարին` աջակցել մոտակա ժամանակներում ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի ազգային լեզվով թարգմանության գործին: Նշենք նաև, որ մինչև նախարարի հետ հանդիպելը, նշված պատվիրակությունը այցելել էր ՀՀ ԱՆ <Էրեբունի> ՔԿՀ, հանդիպել ՔԿՀ-ի պետի և մի քանի դատապարտյալների հետ, ինչպես նաև ուսումնասիրել էր նրանց պահելու պայմանները:
