|26.04.2006| ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

26/04/2010

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար տիկին Նարինե Նարիմանյանը այցելել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և հանդիպումներ ունեցել նախարար Գևորգ Դանիելյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Տիկին Նարիմանյանի առաջարկությամբ, կողմերը հանգամանորեն քննարկել և ամփոփել են 2007թ. նոյեմբերի 30-ին երկու պետությունների միջև կնքված «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի պայմանների կատարման արդյունքները: Միաժամանակ, կողմերը հանգել են այն եզրակացության, որ իրավական համագործակցության արդի իրողությունների, մասնավորապես, ներպետական օրենսդրությունը հնարավորինս սեղմ ժամկետներում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխանեցնելու, փոխհամաձայնեցված միջոցառումներն առավել գործնական ու նպատասլաց դարձնելու, առկա ռեսուրսները միասնական ծրագրերին ուղղելու նկատառումով հարկ է արմատապես վերանայել իրավական համագործակցության ուղղություններն ու եղանակները: Հիշյալ հարցադրումների հաշվառմամբ կողմերը պայմանավորվեցին ս.թ. մայիսին Լեռնային Ղարաբաղում կայանալիք հերթական հանդիպման ընթացքում ստորագրել նոր Փոխըմբռնման հուշագիր, որի նախագծի հիմնադրույթների շուրջ կողմերն արդեն եկել են համաձայնության: Նոր հուշագրում, հատկապես, առանցքային նշանակություն է տրվելու արդարադատության նախարարության համակարգի կադրերի վերապատրաստման աշխատանքների բարելավմանը. մասնավորապես, առանձնահատուկ տեղ է տրվելու կոնկրետ ստորաբաժանումներ գործուղելու և տեղում փորձի փոխանակում ապահովելու, ինչպես նաև վերապատրաստման փոխհամաձայնեցված ծրագրեր ներդնելու եղանակներին: Ըստ նախատեսված ժամանակացույցի, հիշյալ հուշագիրը ուժի մեջ կմտնի ս.թ. օգոստոսի 2-ից: Միաժամանակ, կողմերը պայմանավորվեցին մինչև ս.թ. մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային պաշտոնական կայքում բացել առանձին եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) կայք-էջ, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգին և գործունեությանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը խոստացավ նույն ժամկետում տեխնիկական և մասնագիտական աջակցություն ցուցաբերել` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության ինքնուրույն կայք-էջի հիմնադրման նախաձեռնությանը: