|07.04.2010| ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

07/04/2010

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի դատախազ պարոն Լուի Մորենո-Օկամպոյին, իսկ այնուհետև` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչին և նրանց ուղեկցող պատվիրակությանը: Հիշյալ երկու բարձրաստիճան անձինք Երևանում են գտնվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Պարոն Լուի Մորենո-Օկամպոյի հետ, մասնավորապես, քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշման, ինչպես նաև` այդ ոճրագործության դատական ճանաչման հեռանկարների հարցը: Մասնավորապես, կողմերը հանգրվանել են այն եզրահանգմանը, որ Միջազգային քրեական դատարանն իրավասու է անդրադառնալու Հայոց ցեղասպանության դատական կարգով ճանաչման հարցին: Միաժամանակ, պարոն Լուի Մորեն-Օկամպոն կարծիք է հայտնել, որ կոնկրետ այդ հարցին անդրադառնալու իրավական լիարժեք հենք ապահովելու նկատառումով անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Հռոմի դատավարության համաձայնագրի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը: Կոնկրետ Հայոց ցեղասպանության առնչությամբ պարոն Գևորգ Դանիելյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անհրաժեշտ է առաջին հերթին Թուրքիային և, ընդհանրապես` բոլոր ժողովուրդներին ու պետություններին, քանզի այդ ոճրագործությունը, ցավոք, դարձել է իրական սպառնալիք` ցանկացած տարածաշրջանում: Որևէ մեկը դեմ չէ, որ իրավապաշտպան կազմակերպությունները իրենց բոլոր ուժերը ուղղեն այժմեական խնդիրների վրա, սակայն դրանք կարող են տրամաբանական հանգրվանի հասնել, եթե չեն անտեսվում հիմնարար նշանակություն ունեցող ոճրագործությունները: Պարոն Յանեշ Լենարչիչը, իր գոհունակությունը հայտնելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված ՙԴատավարությունների դիտարկում՚ զեկույցի կապակցությամբ իշխանությունների արձագանքի առնչությամբ, միաժամանակ հայտնեց պատրաստակամություն` ապահովելու համապատասխան փորձագետների համատեղ աշխատանք: Մասնավորապես, կողմերը համաձայնվեցին, որ նպատակահարմար է աշխատանքները կազմաերպել 2 փուլով. առաջին փուլը կվերաբերի միայն զեկույցում ներառված որոշ հարցերի լրացուցիչ քննարկմանը, իսկ երկրորդ փուլը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի առնչությամբ տարաձայնությունների մասնագիտական փորձաքննությանը: Պարոն Գ.Դանիելյանի առաջարկով, պարոն Յանեշ Լենարչիչը տվեց նաև որոշ պարզաբանումներ զեկույցի առանձին դրույթների առնչությամբ: Մասնավորապես, հստակ պարզաբանվեց ՙնոր անկախ քննչական մարմին՚ ստեղծելու վերաբերյալ դրույթը: Ըստ Յանեշ Լենարչիչի, զեկույցում ոչ թե ընդգծված է ինստիտուցիոնալ առումով նոր քննչական մարմին ստեղծելու, այլ այնպիսի ընթացակարգեր սահմանելու խնդիրը, որի դեպքում քննիչների կամ մինչդատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժողների և կասկածյալների, մեղադրյալների նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում անհապաղ և անվերապահորեն դառնա քննարկման առարկա հենց այդ քննչական մարմնում: Իսկ այդ անձանց ցուցմունքները, որպես ապացույց չեն ընդունվի, եթե վերջիններիս կողմից այդ բնույթի հաղորդումները նշված կարգով չքնարկվեն: Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը և նպաստել մի շարք այլ օրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին: Մասնավորապես, այս փուլում առանցքային նշանակություն ունեցող համարվեցին ՙՀասարակական կազմակերպությունների մասին՚ օրենքը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը: