|31.03.2010| ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

31/03/2010

[b]ԻՆՉՈՒ ԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ[/b] Այն, որ դատական համակարգում կան լուրջ խնդիրներ, որեւէ մեկը չի երկմտում: Միանգամայն սպասելի էր, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական Հաստատությունների եւ Մարդու իրավունքների գրասենյակի` Հայաստանում «Դատավարությունների դիտարկում» նախագծի վերջնական զեկույցում եւս դրա վերաբերյալ եզրահանգումներ կլինեին: Սակայն «անհասկանալին» այն է, որ վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ եւ քաղաքական ուժեր հետեւողականորեն փորձում են մեզ համոզել, որ իրավասու մարմինները ամբողջությամբ հերքում են այդ զեկույցը եւ ոչինչ չեն պատրաստվում ձեռնարկել արված առաջարկությունների ուղղությամբ: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ: [i]-Ձեր կողմից վարչապետին վերջերս ներկայացված հաղորդման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների հրապարակումները որքանո՞վ են համահունչ բուն հաղորդմանը: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցն ամբողջովին անհիմն փաստաթուղթ է, եւ իշխանություններն անելիք չունեն արված առաջարկությունների առումով:[/i] - Իմ կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված զեկույցը հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով բավականաչափ խեղաթյուրվել է: Նույնիսկ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցին տված պարզաբանումներից հետո, հաջորդ օրը դարձյալ նույն ռադիոկայանով ու խեղաթյուրման նույն գործելաոճով շարունակվեց հանիրավի քննադատությունը: Ավելին` բերվեցին իրենց տեսակետներին համահունչ մի քանի «յուրային» քաղաքական գործիչների հորդորներ: Ինձ դա ավելի շատ հիշեցնում է խորհրդային ժամանակները, երբ կոչ էր արվում կուրորեն ու անվերապահորեն ղեկավարվել քաղբյուրոյի հրահանգներով եւ անխնա քննադատել բուրժուական գիտնականներին ու գործիչներին: Ընդ որում, վերջիններիս աշխատություններին ծանոթանալը ոչ միայն պարտադիր չէր, այլեւ չէր խրախուսվում: Բնականաբար իմ զեկույցը հրապարակված նյութ է եղել եւ այժմ էլ տեղադրված է նախարարության կայք-էջում: Տառաճանաչ ցանկացած մեկը, մինչեւ հորդորելն ու գնահատական տալը, պարզապես պետք է փորձեր կարդալ այն, ինչը կամ չի արվել, կամ նախապատվությունը տրվել է հանրության որոշ հատվածի ականջներին հաճո տեսակետներ արտահայտելուն: Անդրադառնալով իմ պաշտոնական հաղորդմանը, նկատեմ, որ դրանում կան նկատառումներ ոչ միայն հիշյալ զեկույցում տեղ գտած որոշ հարցադրումների ոչ բավարար հիմնավորվածության վերաբերյալ (օրինակ, ընդգծել եմ, որ եվրոպական այդ կառույցի կողմից առաջարկվել է ընդունել որոշ օրենսդրական դրույթներ, մինչդեռ դրանք արդեն իսկ ընդունված են, կամ առաջարկվել է ձեւավորել անկախ քննչական մարմին, մինչդեռ մատնանշել եմ, որ այն գործում է շուրջ 2 տարի եւ այլն), այլեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հիրավի պիտանի եւ հնարավոր սեղմ ժամկետում լուծում պահանջող եզրահանգումների: Ավելին` վարչապետին ուղղված փաստաթղթի գերակշիռ մասը նվիրված է հենց այդ եզրահանգումներին համահունչ օրենսդրական որոշակի դրույթներ ամրագրելու, այդ նկատառումով ժամանակացույց հաստատելու, ինչպես նաեւ գործնականում էական բարելավումներ իրականացնելու խնդիրներին: Ի դեպ, իմ զեկույցին, համապատասխան իրազեկվածություն ապահովելու նկատառմամբ, կցել էի նաեւ վճռաբեկ դատարանի կազմած մեծածավալ առարկությունները, որոնցում նույնպես ընդգծվել է զեկույցին համահունչ բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Ընդ որում, այդ առարկությունները եւս կոպիտ խեղաթյուրմամբ վերագրվեցին ինձ եւ դրանից արված քաղվածքները ներկայացվեցին որպես իմ զեկույցում ներառված տեսակետներ: [i]-Այդ դեպքում, ինչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված ձեր եւ վճռաբեկ դատարանի դիրքորոշումների խեղաթյուրված ներկայացումը, այդ դիրքորոշումներին չհամապատասխանող արձագանքը:[/i] - Այդ արձագանքի հեղինակները տարբեր շարժառիթներ ունեն, ուղղակի մի պահ համընկել են նրանց շահերը, այդ թվում` խիստ անձնական: Սակայն ամենազավեշտալին այն է, որ օրեր առաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի նույն զեկույցը, կոռեկտության բոլոր տարրական կանոնների անտեսմամբ, համալիր քննադատության թիրախ էր դարձել այսօր արդեն իմ հիշյալ հաղորդման առնչությամբ «մտահոգված» քաղաքական ուժերի կողմից: Այդ հաղորդումը թերեւս սթափեցրեց ընդդիմախոսներին. նրանք հապճեպ վերադասավորվեցին իրենց կողմնորոշումներում: Առանձին քաղաքական ուժերի հավանաբար անհանգստացրել է իմ այն նկատառումը, որ, «ըստ էության, որոշ քաղաքական ուժերի կողմից կազմակերպված եւ հետեւողական փորձեր են արվել ներքաշելու դատական համակարգն ու դատավարությունները քաղաքական գործընթացների մեջ, իսկ դատավարությունները վերածելու յուրահատուկ քաղաքական բնույթի հրապարակային միջոցառումների»: Սա կարծիք է (ընդ որում, կարծում եմ, հիմնավորված), որը որեւէ կապ չունի դիտորդների զեկույցի գնահատման հետ: Ուղղակի դատավարության ընթացքում անվտանգության նկատառումներով ձեռնարկված միջոցառումների տրամաբանությունը եւ իրավաչափությունը հասկանալու համար հարկ էր այս փաստարկը եւս հաշվի առնել: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին «լուրջ» մոտենալու կոչերին, ապա ավելորդ չի լինի, եթե նկատեմ, որ այդ կոչերից առաջ իմ հաղորդմանը եւ վճռաբեկ դատարանի առարկություններին գոնե հպանցիկ ծանոթանալու անհրաժեշտություն հաստատ կար: Բացի այդ, լրջությունը հենց իրենց է պետք, քանզի տվյալ դեպքում խոսքը դիտորդների հիմնականում ակնհայտ ու անվիճելի եզրահանգումների մասին է (ոչ հիմնավոր տեսակետներին արդեն անդրադարձել եմ), եզրահանգումներ, որոնք ոչ թե նորույթ են, այլ տարիներ շարունակ ներկայացվել են տարաբնույթ միջազգային իրավական փաստաթղթերով, եւ որոնք, վերջին հաշվով, հստակ ամրագրված են ՄԻԵԿ-ի հոդվածներով: Այդ առումով ի՞նչն էր խանգարում ձեռնպահ մնալ գործադիր իշխանության կողմից դատավորների նշանակման եւ նրանց նկատմամբ անթաքույց վերահսկողություն իրականացնելու գործելաոճից ու շուտափույթ վերանայել այդ գործելաոճն օրինականացրած իրավական ակտերը: Կարծում եմ, այդպիսի քայլեր ձեռնարկելու համար նվազագույնն անհրաժեշտ էր լրջմիտ, անձնական շահերի յուրովի ընկալումը բացառող վերաբերմունք եւ անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ: [i]-Ինչպիսի՞ն է եղել ԵԱՀԿ-ի դիրքորոշումը ձեր հաղորդման առնչությամբ: Չե՞ք կարծում, որ անհիմն եւ որոշակի ձեռնածությունների արդյունք այդ հրապարակումները կարող են եվրոպական համապատասխան կառույցների պաշտոնյաներին հավաստի թվալ:[/i] -ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներն իմ պատրաստած փաստաթղթի առնչությամբ իրենց շնորհակալությունն են հայտնել: Պետք չէ մտավախություն ունենալ, որ միջազգային կառույցներում այնքան միամիտ մարդիկ են, որ պատկերացում չունեն քաղաքական պարզունակ հնարքների մասին: Միանշանակ բարձր եմ գնահատում միջազգային կառույցների պաշտոնյաների հետ բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, բայց ոչ իմ երկրի հեղինակության հաշվին: Ես ինքնիշխան պետության նախարար եմ եւ պարտավոր եմ հավուր պատշաճի արձագանքել այդ կարգի փաստաթղթերին, ոչ թե դրանք նույնացնել քաղբյուրոյի հրահանգների հետ, փորձել պարզունակ եղանակներով անձնական իմիջը բարձրացնել եւ առժամանակ հեռու մնալ զուտ քաղաքական ու անձնական չափանիշներով թելադրված քննադատությունից: [i]-Եթե ձեր զեկույցը դրական տրամադրություններ է առաջացրել միջազգային այդ հեղինակավոր կառույցում, ապա խնդրում եմ ներկայացնել, թե ձեր որոշակի ո՞ր նկատառումներն են համարվել խրախուսելի:[/i] -Նախ նկատեմ, որ դրանք բաղդատված են երկու խոշոր ոլորտների` օրենսդրական եւ գործնական: Խնդիրն այն է, որ զուտ օրենսդրական բարեփոխումները չեն կարող բավարար արդյունք ունենալ, եթե դրանք չուղեկցվեն անհրաժեշտ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորմամբ, դատավորների եւ մինչդատական վարույթ իրականացնող անձանց համապատասխան մասնագիտական ունակությունների ապահովմամբ եւ այլն: Իսկ օրենսդրության առումով առաջարկել եմ հիրավի արմատական լուծումներ, որոնք ընդգրկում են ինչպես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ընթացակարգերը վերանայելու, գրավի ինստիտուտի իրավական հիմքերը կտրուկ բարելավելու, այնպես էլ դատաքննության ընթացքում կողմերի լիարժեք հավասարությունը եւ մրցակցության սկզբունքը պահպանելու եւ նմանաբնույթ այլ խնդիրներ: Առաջարկությունների մի մասը վերաբերում է դատարանների տեխնիկական հագեցվածությունը էլ ավելի բարելավելուն: Օրինակ, համամիտ լինելով զեկույցի հիմնադրույթների հետ, մենք խիստ անհրաժեշտ ենք համարել դատարանի դահլիճները բարձրախոսներով ապահովելու, անխափան ձայնագրառում ներդնելու եւ այդ կարգի այլ միջոցառումները: Ես արդեն իսկ ցուցում եմ տվել համապատասխան կառույցներին սեղմ ժամկետում ներկայացնելու միջոցառումների սպառիչ ցանկն ու ժամանակացույցը: Հավելեմ նաեւ, որ օրենսդրական այդ առաջարկությունների գերակշիռ մասն արդեն իսկ մեր նախաձեռնությամբ ներառվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծված եւ իմ ղեկավարած հանձնախմբի մշակած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում: Ընդ որում, այդ բարելավումների առնչությամբ հիմնականում ձեւավորվել է կոնսենսուս ոչ միայն դատավորների ու դատախազների, այլեւ փաստաբանների շրջանում: Ինչեւէ, այդ օրինագիծը եւս հանձնվել է միջազգային փորձագետների քննարկմանը: Չափազանց կարեւոր եմ համարում ընդգծել, որ մեր ներկայացրած վերջին շրջանի բոլոր առանցքային նշանակություն ունեցող օրինագծերը, որքան էլ դրանք պայմանավորված լինեն իմ տեսակետներով, անվերապահորեն դառնում են բոլոր շահագրգիռ կառույցների եւ հանրության քննարկման առարկա, համաչափորեն հաշվի են առնվում բոլոր կարծիքները: Այդ նախագծերի առումով բացառվում է նեղ շրջանակներում մշակված նախագծերն օրենսդիր մարմնի կողմից հապճեպորեն օրենքի վերածելու որեւէ դեպք: [i]-Եթե խոսում եք նաեւ գործնական բարելավումների, ավելին` համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտության մասին, նշանակո՞ւմ է, որ դուք եւս չեք բացառում արդարադատության իրականացման ոլորտում, մեղմ ասած, էական թերությունները:[/i] -Ամբողջ խնդիրն էլ այն է, որ առավելապես ինքս չեմ բացառում, սակայն դեմ եմ այդ չափազանց կարեւոր ոլորտի նկատմամբ քաղաքականացված ու ակնհայտ անձնավորված մոտեցումներին, վիրավորական ու մեծամիտ հորդորներին: Զավեշտալի ժամանակներում ենք ապրում. այնքան են տարվել անհանդուրժողականության մարմաջով, որ արդեն իրավապաշտպանները միմյանց, այդ թվում` միջազգային հանրաճանաչ կազմակերպություններին են դարձրել քննադատության թիրախ, նրանց գործունեությունը կասկածի տակ առել: Անթույլատրելի է համարվում իշխանությունների հասցեին որեւէ անաչառ գնահատական: Ավելին ասեմ. դատական համակարգի ներկայացուցիչները եւս էական թերությունների առկայությունը չեն բացառում: Համաձայն եմ նաեւ այն դիրքորոշման հետ, որ դրանց աղբյուրը բնավ միայն անկատար օրենսդրությունը չէ: Վերջին հաշվով կան լծակներ, որոնք թույլ են տալիս վերանայելու գործելաոճը նաեւ այս իրավիճակում: Թերեւս այդ մասին է վկայում այն, որ վճռաբեկ դատարանն ինքն է իր նախաձեռնությամբ վերջին տարիներին ընդունում օրենսդրությանը հակասող, բայց ՄԻԵԿ-ի հիմնադրույթներին լիովին համահունչ դատական ակտեր, որոնք ապահովում են անհրաժեշտ միասնական դատական պրակտիկա: Այս գործելաոճը լիարժեք համահունչ է սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված միջազգային վավերացված պայմանագրերի եւ, ըստ այդմ էլ իրավունքի գերակայության սկզբունքներին: Մեծարժեք գործունեություն է իրականացնում նաեւ Սահմանադրական դատարանը, որի որոշումներն արդեն ունենում են ոչ միայն որոշակի սահմանադրական վեճեր քննելու, այլեւ ներազգային օրենսդրությունը` սահմանադրության եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համահունչ դարձնելու նշանակություն: Սակայն առավել տեսանելի արդյունքների հասնելու համար հիրավի դեռեւս մեծ աշխատանք պետք է կատարվի, քանզի արդարադատության ոլորտում ստացված ժառանգությունը չափազանց ծանր է, որպեսզի շատ արագ լուծվեն դատավորների լիարժեք անկախության եւ արդար դատաքննության բոլոր խնդիրները: [right]Հարցազրույցը՝ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ [/right]