|22.03.2010| «ՄԻԼԱՆՈ»-Ի ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

22/03/2010

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կոչ է անում «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչներին զերծ մնալ անհիմն մեղադրանքներից, կամ էլ բավարար ապացույցներ ունենալու դեպքում խնդիրները լուծել դատական կարգով: «Միլանո» խանութ-սրահի հետ կապված հարկադիր կատարողական գործողությունները մամուլում դարձել են շահարկման առարկա: Այդ գործով մի կողմը, հավանաբար, դժգոհ լինելով մյուս կողմից, փորձում է ԴԱՀԿ ապահովող ծառայությանը անտեղի մեղադրել անօրինական գործողությունների մեջ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթերի համաձայն ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցվել է երկու վարույթ, որոնց համաձայն, 03.03.2010թ. կայացվել է որոշում այն մասին, որով պարտապանը պարտադրվել է կատարել որոշակի գործողություններ: Այսպես՝ 1. Պարտադրել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհանես Ղուկասյանին մինչև 12.03.2010թ. «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերության հետ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված` Երևան քաղաքի Աբովյան 4 հասցեում գտնվող, նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ կնքել պայմանագիր: Օտարման դիմաց գումարի փոխհատուցման չափը` 207միլիոն 282հազար դրամ: 2. Զբաղեցված տարացքից վտարել և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնել: Ս.թ մարտի 4-ին պարտապանին փոստով ուղարկվել է հարկադիր կատարողի որոշումները, այդ թվում որոշակի գործողությունների պարտադրման որոշումը (ազատել տարածքը և կնքել պայմանագիր): Այնուհետև, մարտի 9-ին պարտապանին առձեռն հանձնվել է վտարման օրվա ժամի մասին գրությունը, որը նա հրաժարվել է ստանալ: Դրա վերաբերյալ կազմվել է համապատասխան տեղեկանք: Քանի որ պարտապանը հրաժարվել է ինքնակամ տարածքից հանել իրեն պատկանող գույքը, մարտի 10-ին և 11-ին դա արվել է հարկադրաբար: Ընդ որում, գույքի հաշվառմանը և դուրս բերմանը մասնակից են եղել պարտապանը, իր ներկայացուիցիչները ու ընթերակաները: Գույքը դուրս է բերվել տարածքից և ի պահ է հանձնվել պարտատեր «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերության լիազորված ներկայացուցիչին, վերջինիս պատասխանատվությամբ «ԴԱՀԿ մասին» օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Հարկադիր կատարողը վտարումը կատարում է գույքի պարտադիր գույքագրմամբ: Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը»: Վերջինիս անհրաժեշտությունը ծագել էր այն պատճառով, որ պարտապանը, իր խոսքերով, գույքը այլ վայրում պահեստավորելու հնարավորություն չուներ: Պարտապանը, ինչպես նաև հաշվառմանը մասնակցող նրա ներկայացուցիչները հրաժարվել են հաշվառման արձանագրությունների տակ ստորագրելուց, պատճառաբանելով, որ գույքի հաշվառման ընթացքում թույլ են տրվել օրենքի խախտումներ: Սակայն գրավոր հրաժարականի մեջ չեն նշել, թե որ օրենքի որ հոդվածն է խախտվել: Մարտի 12-ին Հ.Ղուկասյանը խնդրել է գույքագրման գործընթացը դադարեցնել, քանի որ մնացած գույքը նա ցանկանում է վտարման ենթակա տարածքից հանել ինքնակամ: Մարտի 16-ին պահանջատերը` «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերությունը դիմել է ԴԱՀԿ ապահովող ծառայություն և խնդրել կարճել կատարողական վարույթները: Այսպիսով, փաստում ենք, որ կատարողական գործողություններն ամբողջովին իրականացվել են կատարողական թերթերի տրամաբանության եւ էության ներքո, ինչպես նաև օրենքների պահանջներին համապատասխան, իսկ ընկերության կողմից տևական ժամանակ դատարան չդիմելու փաստը վկայում է այն մասին, որ հնչեցված մեղադրանքները լոկ խոսքեր են: