Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ հանրային քննարկման արձանագրություն

25/04/2014

Քաղաք Երևան, ապրիլի 18, երկու հազար տասնչորս թվական

 

ՀՀ արդարադատության նախարարությունում 2014 թվականի ապրիլի 18-ին անցկացվեց հանրային քննարկում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ: 

 

ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ՝

Գրիգոր Մուրադյան            - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Արման Խաչատրյան           - «Ժողովրդավարության և իրավունքի կետրոն» ՀԿ

Վահե Ենգիբարյան             - «Դատավորների միություն» ՀԿ

Գեորգի Խաչատրյան          - «Իրավունքի հայկական կենտրոն» ՀԿ

Տիգրան Գրիգորյան            - «Իրավունքների և ժողովրդավարության տուն» ՀԿ

Արշակ Գասպարյան            - «Սոցիալական արդարություն» ՀԿ

 

ՕՐԱԿԱՐԳ՝

  1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ  եվ լրացումներ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և նույն փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի քննարկում:
  2. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքների նախագծերի քննարկում:

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝

 Ողջույնի խոսքով հանդես եկավ նիստը նախագահողը: Նա բաց քննարկման կոչ արեց և առաջարկեց շարունակել քննարկումները նախորդ նիստում քննարկված վերոհիշյալ նախագծերի լրամշակված տարբերակների վերաբերյալ: 

Նիստի մասնակիցները միաձայն հաստատեցին օրակարգը: 

1. ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը օրակարգի առաջին հարցի հետ կապված ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Մասնավորապես. 

  • Նկատի ունենալով, որ ներկա փուլում լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը, դրա վերաբերյալ դրույթները հանվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից և առանձին նախագծի տեսքով ներկայացվել են Վենետիկյան հանձնաժողով՝ միջազգային փորձաքննության:  

 

Նախատեսվել են նաև հետևյալ սկզբունքային կարգավորումները՝

  • Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը և ուսումնական հարցերի հանձնաժողովը ձևավորվում են ոչ թե դատարանների նախագահների խորհրդի կողմից, այլ՝ դատավորների ընդհանուր ժողովի
  • նախագծով նախատեսվել են դրույթներ, որոնք ուղղված են Արդարադատության խորհրդում դատավոր և իրավաբան գիտնական անդամների մասնակցության հավասարակշռության ապահովմանը: Այսպես սահմանվել է, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կամ նշանակվել Արդարադատության խորհրդի անդամ: Այս փոփոխությունը կոչված է երաշխավորելու ռոտացիայի սկզբունքը խորհրդի գործունեության կազմակերպման մեջ և կանխելու միևնույն անձանց՝ առանց որևէ սահմանափակման անընդմեջ խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը, ինչը դրսևորվում է գործնականում: Նախատեսվել է նաև, որ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ կարող է նշանակվել այն անձը, որն ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ: Միաժամանակ սահմանվել է, որ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Դատական դեպարտամենտը վճարում է ամսական հատուցում` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Այս առումով կատարվել են նաև այլ փոփոխություններ:
  • Նախատեսվել են դրույթներ, որոնք ուղղված են Արդարադատության խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես՝ սահմանվել է, որ Արդարադատության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Բացի այդ, սահմանվել է, որ Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Արդարադատության խորհրդում ընդունված ցանկացած որոշման վերաբերյալ: Եթե Արդարադատության խորհրդի անդամը որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում Արդարադատության խորհրդի որոշման մեջ՝ և հատուկ կարծիքը կցվում է որոշմանը:
  • Նախատեսվել են դրույթներ, որոնք ուղղված են որակավորման քննությունների ընթացակարգի կատարելագործմանը և այդ ոլորտում Արդարադատության խորհրդի լիազորությունների հստակեցմանը: Ընդունվել է այն մոտեցումը, որ Դատավորների ընտրության գործընթացը իր բոլոր փուլերով չպետք է կենտրոնանա բացարձակապես դատական իշխանության ձեռքում: Այս գործընթացում դատական իշխանության մասնակցությունը պետք է հավասարակշռված լինի և զսպվի հանրային մեծ վերահսկողությամբ և քննական հարցաշարերի մշակման գործառույթների տարանջատմամբ: Նույն անձիք միաժամանակ չեն կարող կատարել քննական հարցերի մշակման, գնահատման և Արդարադատության խորհրդում հարցազրույցի վարման գործառույթներ: 

 

 

  1. ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը ներկայացրեց նաև օրակարգի երկրորդ հարցը՝ դատավորների գնահատմանը վերաբերող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Մասնավորապես նա նշեց, որ նախատեսվել է.
  • Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորվող դատավորների գնահատման հանձնաժողովի, դրա կազմի վերաբերյալ դրույթներ: Սահմանվել է, որ Դատավորների ընդհանուր ժողովի անդամը կարող է առաջադրվել որպես հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ այլ անդամի կողմից առաջադրվելու եղանակով: Միաժամանակ սահմանվել է, որ նախկին դատավորը կամ իրավաբան գիտնականը կարող է առաջադրվել որպես գնահատման հանձնաժողովի անդամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ մասնակցի կողմից: Գնահատման հանձնաժողովի իրավաբան գիտնական անդամ կարող է առաջադրվել այն անձը, ով ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ: Ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվել է նաև, որ Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ ընդգրկվել Դատավորների ընդհանուր ժողովի մեկ այլ հանձնաժողովի կազմում
  • Դատավորների գործունեության գնահատումը որակական չափանիշների հիման վրա անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընգրկված չորս տարիների տվյալների հիման վրա
  • Սահմանվել է նաև, որ յուրաքանչյուր դատավոր քանակական և որակական չափանիշների հիման վրա իրականացնում է ինքնագնահատում գնահատման ժամանակահատվածում ընգրկված չորս տարիների տվյալների հիման վրա:
  • Սահմանվել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Արդարադատության խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով
  • Եզրափակիչ դրույթներում սահմանվել է, որ որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության առաջին գնահատումն անցկացվում է երեք տարիների տվյալների հիման վրա: Սահմանվել է նաև, որ գնահատման առաջին հանձնաժողովը ձևավորվում է մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը: 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի ելույթից հետո ելույթ ունեցան նիստի մասնակիցները, որոնք ներկայացրեցին նախագծերին վերաբերող հարցեր և ստացան համապատասխան պարզաբանումներ:

 

ՈՐՈՇԵՑԻՆ՝

  •  Շարունակել ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ հետագա հանրային քննարկումները՝ կարևորելով դրանց անհրաժեշտությունը.
  • Սույն քննարկման հրապարակայնությունն ապահովելու համար նիստի վերաբերյալ պատրաստված արձանագրությունը նիստի մասնակիցների հետ համաձայնեցվելուց հետո տեղադրել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

 

Արձանագրությունը բաղկացած է 6 էջից:

 

Նիստը նախագահող՝  Գ. Մուրադյան