Քննարկում մտավոր սեփականության իրավունքի օրենսդրական կարգավորման վերաբերյալ

06/03/2014

 Մարտի 6-ին Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկում է անցկացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում մտավոր սեփականության վերաբերյալ հատուկ բաժին ունենալու նպատակահարմարության վերաբերյալ:

 Կլոր սեղան քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը, ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, փաստաբանական գրասենյակներից, ինչպես նաև ոլորտի խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպություններից:

 Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի դրույթների մեծ մասն այս կամ այն կերպ կրկնվում է տվյալ բնագավառը կարգավորող առանձին այլ օրենքներով, ուստի արդյունավետ չէ և հաճախ խնդիրներ են ծագում, երբ միևնույն ոլորտի նույնանման դրույթներ ամրագրված են տարբեր օրենքներում կամ նույն իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերում:

 Հաշվի առնելով մի շարք նորմատիվ ակտերում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա բազմաթիվ կրկնությունները, քննարկման մասնակիցներն առաջարկեցին ՀՀ քաղաքացիական գործող օրենսգրքի մտավոր սեփականության իրավունքին վերաբերող 90-ից ավելի դրույթները կրճատել և միայն հակիրճ ամրագրել մտավոր սեփականության իրավունքների ընդհանուր հասկացություններն ու օբյեկտները: