Հրայր Թովմասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին

03/02/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ա. Գրայներին, ընկերության  Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների ծրագրի ղեկավար Թոմաս Մեյերին, ինչպես նաև Հայաստանում  ծրագրի տնօրեն տիկին Դագմար Բոթին:

 Տարածաշրջանային ծրագրի առաջընթացը վերահսկելու առաքելությամբ փետրվարի 3-7-ը Երևան ժամանած գերմանացի իրավաբանները նախարար Հրայր Թովմասյանի հետ քննարկել են 2009-2014 թվականներին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ իրականացված ծրագրերի արդյունքներն ու հետագա  համագործակցության շրջանակները:

 Հանդիպման ընթացքում նախարար Հրայր Թովմասյանը բարձր է գնահատել ԳՄՀԸ-ի հետ  համատեղ աշխատանքը, միևնույն ժամանակ՝ մատնանշելով այն կոնկրետ ոլորտները, որոնցում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կարող են շարունակել համագործակցությունը:  

 Հանդիպմանը մասնակցել է նաև «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի երևանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանը: