Մ. Եսայան. «Տիգրանը գրեթե իմ երեխաների հասակակիցն է, և որևէ թշնամանք, լարվածություն պարզապես անհարմար է, որ լինի մեր միջև». Առավոտ

02/11/2012

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, ԱԺԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօր այցելեցին  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու, թե ինչ պայմաններում են ապրում ազատազրկվածները, ինչ խնդիրներ ունեն:

Aravot.am-ը այցի մանրամասներին տեղեկացավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանի հետ զրույցում: Նա տեղեկացրեց, որ այցի նպատակներից է համապարփակ տեղեկատվություն հավաքել դատապարտյալների պայմանների, նրանց հուզող խնդիրների վերաբերյալ, որոնք կբարձրացվեն նոյեմբերի 20-ին կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ:

Մանրամասնելով` տիկին Եսայանը նշեց. «Այսօրվա այցի ընթացքում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ երկու հանձնաժողովների անդամներս նպատակ ունեինք կոնկրետ մարդկանց տեսնել: Օրինակ՝ ես ցանկություն ունեի հանդիպել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: ԲՀԿ-ի մեր գործընկերները նաև ցանկություն ունեին հանդիպել այն երիտասարդներին, որոնք այս օրերին իրենց բերանը, կոպերն էին կարել, մատը կտրել:

Քրեակատարողական հիմնարկի աշխատողներից ազատազրկվածները որևէ բողոք չունեին, և բոլորը միաձայն նույն բան էին ասում, որ իրենց հանիրավի են դատել, իրենց դատավճիռը արդարացի չէ ու իրենց գործած մեղքերին ոչ համարժեք:  Մենք՝ որպես պատգամավորներ, պետք է ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ քիչ թե շատ նորմալ մարդկային պայմաններում ապրեն: Բարձրացվեցին և տեսակցության, և տնից ուղարկվող սննդամթերքների հետ կապված խնդիրներ: Կարծում եմ, որ մեր՝ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների և ազատազրկվածների հետ հանդիպումները զգաստության իրավիճակ են ստեղծում և մարդիկ հասկանում են, որ միայնակ չեն ու իրենց շահերը պաշտպանողներ կան»:

Մ. Եսայանը նշեց, որ ինքը հատկապես ցանկանում էր հանդիպել Տիգրան Առաքելյանին: Մեր զրուցակիցը մանրամասնեց. «Անձամբ ես ցանկություն ունեի միայն հանդիպել Տիգրան Առաքելյանի հետ: Որոշակի անհանգստություն ունեի, քանի որ այս երիտասարդի հետ մենք հեռակա բանավեճի մեջ էինք մտել: Կարծում եմ, որ ճիշտ էր այս հանդիպումը, ես նրան իմ կազմած ու խմբագրած գիրքն էի նվեր տարել, խնդրեցի, որ ազատ ժամանակ նա ընթերցի: Զրուցեցինք, որոշ հարցեր տվեցի նրան, թեպետ այդ զրույցը լարվածության էլ էր պարունակում: Լարվածություն ոչ թե իմ, այլ Տիգրանի կողմից: Ես խնդրեցի, որ ինքը թողնի տրամադրվածությունը և ինձ ընդունի որպես մի մարդու, որ գնացել է նրա հետ հանդիպման ազնիվ նկատառումներից ելնելով: Տիգրանը գրեթե իմ երեխաների հասակակիցն է, և որևէ թշնամանք, լարվածություն պարզապես անհարմար է, որ լինի մեր միջև: Ինքս հանդիպումը չեմ քաղաքականացնում, դա անձամբ իմ  որոշումն է, կուզեի, որ  նա էլ չքաղաքականացներ այն: Սակայն նա բացասական էր տրամադրված իմ և Հանրապետական կուսակցության հանդեպ ու միտում է տեսնում իր՝ դատապարտված լինելու մեջ»:

Անդրադառնալով ազատազրկվածների՝ բերանը և կոպերը կարելու խնդրին, Մ. Եսայանը տեղեակացրեց. «Ազատազրկվածների բանտապետն այսօր մեզ ասաց, որ դրանում որևէ արտառոց բան չի տեսնում: Նման դեպքեր միշտ էլ եղել են, ինչպես ՀՀ-ում,  այնպես էլ աշխարհի այլ բանտերում: Եվ ազատազրկվածները ոչ թե իրականում բերանները կարում են, այլ տեխնիկական հնարք է, որը իրականացնում են»: