Ալիեւի «տղայական» մոտեցման պատասխանը միջազգային հանրությունը պետք է տա.ԱՌԱՎՈՏ

06/09/2012

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կուսումնասիրի ԵԴ դիմելու Հայաստանի հնարավորությունները
- ՀՀԿ-ականներն իրենց ելույթներում դժգոհություններ հայտնեցին, որ ընդդիմադիր պատգամավորները մեղադրանքներ հնչեցրին գործող իշխանությունների, գործադիր օղակների հասցեին՝ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու գործարքից անտեղյակ լինելու համար: Չե՞ք կարծում, որ այդ նախատինքներում արդարության մեծ չափաբաժին էլ կա:

- Ձեր հարցերին ավելի հստակ եւ կոնկրետ կպատասխանի պարոն Նալբանդյանը: Նա իր ելույթում էլ անդրադարձավ, թե ինչ է արվել այս ամբողջ ժամանակահատվածում: Բայց մյուս կողմից՝ այն, ինչ որ կա՝ երկու երեք միլիարդ (նկատի ունի ՀՀ ազգաբնակչությունը- Ն. Գ.), եթե ամբողջով էլ այս խնդիրը բարձրացնեինք՝ չէր լինելու: Եթե խոսում ենք այն մասին, որ համանախագահող երեք երկրները դրա մասին չեն իմացել, իմացել են «պոստ ֆակտում», ապա մենք իմացել ենք եւ փորձել ենք այդ ուղղությամբ քայլեր անել: Այդ փաստերը օգտագործվելու են մեր հետագա մարտավարության, հետագա քայլերը մշակելիս: Իսկ որ ընդդիմությունը պատեհ առիթը չպետք է կորցնի եւ ինչ-որ բանում քննադատի, կարծես թե սովորական ավանդույթ է, եւ ես նորմալ եմ դրան վերաբերվում: Կարեւորն այն է, որ, իրոք, գործադիրն ինչ-որ բան չպետք է անի, որ ընդդիմությունը քննադատի կամ չքննադատի: Գործադիրն ունի պատասխանատվություն, եւ գործադիրն իրականացնում է որոշակի հստակ քաղաքականություն այստեղ: Կարծում եմ՝ այդ մեղադրանքները հիմնավոր չէին, որ գործադիրը ոչինչ չի արել:

- ԱԳ նախարար Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ սեպտեմբերի 2-ին՝ համանախագահողների հետ հանդիպման ժամանակ, հասկացել է, որ նրանք էլ տեղյակ չեն եղել Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու գործընթացից: Այսինքն՝ ստացվում է, որ Հունգարիան ու Ադրբեջանը պարզապես «ֆռռացրել» են բոլորին: Ինչպե՞ս է հնարավոր նման բան:

- Պարոն Նալբանդյանին կարող եք ուղղել այդ հարցը: Ես իմ ելույթում ասացի, որ չպետք է սա փոքրացնել եւ ասել, գիտեք, մենք տուժող կողմ ենք, մեր քաղաքացու հետ է այդ ամբողջը կատարվել, մենք վրդովված ենք: Եթե մի ֆրանսիացի Իսպանիայում մի անգլիացու սպանի, հետո Իսպանիան փոխանցի Ֆրանսիային, Ֆրանսիայում հերոսացնեն եւ միջազգային հանրության մի քանի կարծիքներ, որ այս Եվրոպան չի, որ մենք ցանկանում ենք, որպեսզի ժառանգեն մեր երեխաները: Եթե այդ Եվրոպան է, այդ Եվրոպայում մարդասպանը հերոս է, մենք այդ Եվրոպայում անելիք չունենք: Ուստի, Եվրոպան, միջազգային հանրությունը, եվրոպական հանրությունը պետք է շատ հստակ դրա պատասխանը տան: Սրանով էր պայմանավորված եւ դեսպաններին հրավիրելը, նրանց ուշադրությունը հրավիրելը, եւ այդ մեսիջները նրանց փոխանցելը: Այնպես որ, սա գործընթաց է, եւ սրանով չի ավարտվում: Հունգարիան պետք է միջազգային հանրությանն ապացուցի, որ ինքն այս ամբողջ խարդավանքին մասնակից չի եղել: Տարբեր ձեւով պետք է դա դրսեւորվի: Սպասենք քայլերին: Տեսնենք՝ ի՞նչ է արվում, ինչպե՞ս է արվում:

Ադրբեջանի այդ կցկտուր, ոչ հոդաբաշխ հիմնավորումներն էլ ոչ միայն ինձ չեն համոզում, այլեւ ոչ ոքի չեն կարող համոզել: Այդ տղայական մոտեցումը՝ իր ազգի առջեւ հերոսանալը, ինչը արեց Ադրբեջանի նախագահը, կարծում եմ՝ միջազգային հանրությունը դրա պատասխանը պետք է տա:

- ԼՂՀ ճանաչման խնդրի մասին շատ խոսվեց: Հիմա դրա ժամանա՞կն է:

- Դա քաղաքական համատեքստում որոշելիք խնդիր է:

- Եվրադատարանում ՀՀ-ի իրավունքները պաշտպանելու մասին առաջարկ եղավ: Դա հեռանկարայի՞ն է:

- Մեր բոլոր հնարավորությունները ուսումնասիրելուց, ուժեղ եւ թույլ կողմերը գնահատելուց հետո ես հանրությանը կներկայացնեմ այդ քայլերի մասին:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ