Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ նոր որակ կապահովվի.ՓԱՍՏԻՆՖՈ

04/09/2012

Հայաստանում քրեակատարողական ծառայության համակարգի բարեփոխումների շրջանակում դրվել է հայ-ամերիկյան համագործակցության եռամյա ծրագրի սկիզբը՝ խորհրդատվական բնույթի ու տեխնիկական աջակցության հայկական կողմի խնդրանքին ամերիկյան կողմը դրական է արձագանքել: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը պարզաբանեց, որ ծրագրով նախատեսվում է առաջին հերթին անցկացնել բանտային կառավարման ոլորտի բարեփոխումներ: Դրանց շրջանակում մոտ ապագայում Հայաստանը կունենա բոլորովին նոր որակի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ինչը հնարավորություն կտա մեկ ՔԿՀ-ի օրինակով անցում կատարել բանտային կառավարման հին համակարգից նորին: Հայկական կողմը բանտային կառավարման նոր մոդելը ներդնելիս ցանկանում է հնարավորինս խուսափել հնարավոր սխալներից, այդ է պատճառը, որ «մենք խնդրել ենք մեր ամերիկյան գործընկերներին մեր հետ քայլել այդ աշխատանքները կատարելիս»:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բանտային կառավարման նոր մոդելի ներդնումն իրենից պիլոտային ծրագիր է ներկայացնում: Ն. Առուստամյանը պարզաբանեց, որ 2009թ. դեկտեմբերին կառավարության կողմից հավանության արժանացած քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է առաջիկա 10 տարիների ընթացքում լուրջ ենթակառուցվածքային փոփոխություններ իրականացնել ամբողջ քրեակատարողական համակարգում: Դա ենթադրում է վաղուց իրենց սպառած քրեակատարողական հիմնարկների այսօրվա շինություններից հրաժարում ու նորերի ստեղծում:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ ի տարբերություն կառավարման հին մոդելի, կլինի անվտանգության ապահովման առավել բարձր մակարդակ, սոցիալ-կենցաղային պայմաններում նույնպես կլինեն շոշափելի փոփոխություններ: Ն. Առուստամյանը հավելեց, որ քրեակատարողական հիմնարկների ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս ապահովել անվտանգության արդունավետ մակարդակ. ահազանգման համակարգը, տեխնիկական հագեցվածությունը լրիվ այլ է լինելու, լինելու է նաև վերապատրաստում անցած, լրիվ նոր որակի աշխատակազմ: Նոր մոդելի գործարկմամբ, հորիզոնական համագործակցություն կլինի հիմնարկում տարբեր գործառույթներ իրականացնող, աշխատակիցների միջև՝ ներկայիս կառավարման համակարգում աշխատակիցների միջև այդ հորիզոնական կապը թերի է:

«Արմավիր» ՔԿՀ նոր մոդելի իրագործմամբ, ըստ Ն. Առուստամյանի, Հայաստանը կշարունակի քրեակատարողական համակարգն ապառազմականացնելու ԵԽ-ին անդամակցելուց ի վեր ստանձնած պարտավորության կատարումը: Ըստ այդմ, ՔԿՀ-ն լինելու է ոչ թե ուժային, այլ սոցիալական բնույթի մի հաստատություն, որտեղ մարդիկ ընդամենը մեկուսացված են հասարակությունից:

Հայ-ամերիկյան համագործակցության եռամյա ծրագրով նախատեսվում է նաև Հայաստանում հիմնել քրեակատարողական ծառայությունից անկախ պրոբացիոն ծառայություն, որը զբաղվելու է այլընտրանքային պատիժներով: Կառույցի ստեղծումը նախատեսված է ՀՀ 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով, որը հաստատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Մենք ոչ միայն պատիժների կատարումը պետք է իրագործենք ստեղծվելիք համակարգի միջոցով, այլ նաև կարողանանք ապահովել բոլոր այն սոցիալական աշխատանքները, որոնք անհրաժեշտ են անձին հասարակությանը վերաինտեգրելու համար, այդ թվում՝ այն անձանց, ում նկատմամբ պայմանականորեն պատիժը չի կիրառվել»,- ասաց Ն. Առուստամյանն, ընդգծելով, որ փոփոխվելու է ամբողջ գործելակերպը, այլընտրանքային պատիժներ կրող անձանց վերահսկողության մեթոդները: «Մենք պետք է փորձենք ինչպես սոցիալական աշխատանքի, այնպես էլ ուսումնական ծրագրերին մասնակից դարձնելու միջոցով նոր որակ ունենալ»: Ծառայությունը ունենալու է անձի կամ նրա կողմից դրսևորած վարքագծի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմնի և դատարանի համար կողմնորոշիչ բնույթի զեկույցներ պատրաստելու լիազորություն՝ խափանման միջոց ընտրելու, պատժի նշանակման ու պատժից ազատման ժամանակ:

Ապագայում նախատեսվում է նաև էլեկտրոնային մոնիտորինգի օգնությամբ մարդուն պահել ոչ թե բանտում, այլ ազատության մեջ՝ որոշակի սահմանափակումներով:
«Մենք հուսով ենք, որ ավելի լայնորեն կկիրառվեն այլընտրանքային պատժատեսակներն ու այլընտրանքները, դրանով կլուծենք մեկ այլ խնդիր՝ գերբնակեցումը բանտերում»,- ասաց Նիկոլայ Առուստամյանը: Հիշյալ խնդրի լուծմանը, որն առանձնապես լրջորեն ծառացած է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, կնպաստի նաև Քրեական դատավարության նոր օրենսգիրքը: Այն հնարավորություն կտա բացառիկ դեպքերում կիրառել կալանավորումը՝ որպես խափանման միջոց; Ավելի լայն կիրառում կունենան ազատազրկման հետ չկապված միջոցները, այդ թվում՝ նորերը՝ տնային կալանք և ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակում: Ըստ Նիկոլայ Առուստամյանի, «Արմավիր» փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկը մասամբ կթեթևացնի գերբնակեցման խնդիրը «Նուբարաշեն»-ում. փակ ռեժիմում պահվելու ենթակա անձինք հավանաբար կտեղափոխվեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Մենք հրաժարվելու ենք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շինությունից, ապագայում պետք է լինի Երևան քաղաքը սպասարկող մեկ այլ քրեակատարողական հիմնարկ ու ենթակառուցվածք»,- ասաց Նիկոլայ Առուստամյանը:
Հեղինակ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»