Հրայր Թովմասյանը շնորհավորում է հայ շախմատիստներին

10/09/2012

Երբ օլիմպիական խաղերի պաշտոնական փակման արարողության ժամանակ,
հայկական եռագույնը ծածանվեց Ստամբուլի WOW «Հրաշքների աշխարհ»
հյուրանոցի սրահում, դժվար է նկարագրել, թե հպարտության ինչպիսի զգացում
համակեց բոլորիս: Անշուշտ, հրաշքը սպասելի էր, սակայն դրանից հաղթանակի
արժեքը չի նվազում: Սա, իրոք, մեծ հաղթանակ էր, և ոչ միայն մարզական
առումով: Այս հաղթանակը նաև ուղեցույց է, թե ինչպես կարող ենք
հաջողությունների հասնել այլ բնագավառներում և թե ինչ է դրա համար պետք:
Բարձր պրոֆեսիոնալիզմ, այլ կերպ հաջողության երբևէ չես հասնի:
Հստակ խնդիրներ դնելու և այն իրագործելու կարողություն. այստեղ դժվար է
թերագնահատել Արշակ Պետրոսյանի և այլ մարզիչների դերը:
Թիմային ոգի, չնայած Լևոն Արոնյանը ակնհայտ առաջատար է, սակայն նունիսկ,
երբ նրա մոտ ինչ-որ բան չէր ստացվում, բոլորը պատրաստ էին իրենց ուսերի վրա
վերցնել պատասխանատվությունը:
Եվ, իհարկե, հայրենասիրություն, պատասխանատվություն ՀԱՅՐԵՆԻՔԻ և
մրցելույթներին հետևող համաքաղաքացիների հանդեպ:
Սա է հաղթանակի դեղատոմսը, սա է մեր բոլոր՝ ներկա ու ապագա հաղթանակների
ուղին: Միայն այսպես մենք կարող ենք հաջողությամբ պայքարել «աշխարհի
հզորների»  երկերեսանիության ու կրկնակի ստանդարտների, նավթադոլարների ու
կացնի դեմ, և ի լուր ամենքի ցուցադրել, թե ով է իրական հզորը:
Անչափ գոհացուցիչ է նաև մեր աղջիկների գրաված 6-րդ տեղը: Նրանք էլ արեցին
իրենցից կախված ամեն ինչ, գուցե՝ ավելին:

Շնորհավոր բոլորիս և շնորհակալություն:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան