Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգով

04/09/2012

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այսօր ընդունեց Թուրքմենստանի խորհրդարանի փոխնախագահ Գուրբանգուլ Բայրամովայի գլխավորած պատվիրակությանը:
ՄԱԿ-ի՝ Թուրքմենստանում գտնվող Զարգացման ծրագրերի կազմակերպության նախաձեռնած խորհրդարանական պատվիրակության այցելությունը Հայաստան փորձի փոխանակման նպատակ էր հետապնդում:
Թուրքմենստանի խորհրդարանական պատվիրակության անդամներին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանում կիրառվող էլեկտրոնային կառավարման սկզբունքները, ինչպես նաև` դրանից բխող անհրաժեշտ օրենսդրական ինչ փոփոխություններ են կատարվել: «Էլեկտրոնային կառավարության ստեղծումը Թուրքմենստանի գերակա խնդիրներից մեկն է»,- նշեց փոխխոսնակ Բայրամովան: Նրա խոսքով, քանի որ Հայաստանը Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու գործակցով անցյալ տարի 10-րդ տեղն էր զբաղեցնում, ուստի նպատահարմար են գտել հենց Հայաստանից խորհրդատվական աջակցություն ստանալ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հյուրերի խնդրանքով մանրամասն ներկայացրեց դեռևս 2000-ականների սկզբից մեկնարկած էլեկտրոնային կառավարման ծրագրի առավելություններն ու իրավական կարգավորման նրբությունները, կատարված օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց պետռեգիստրում կատարված աշխատանքներն ու, ընդհանրապես, ոլորտում իրականացվելիք հետագա քայլերը: Փոխնախարարը պատասխանեց նաև հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել համագործակցությունը: