Պետական ռեգիստրի բարելավման ուղղությամբ արձանագրված առաջընթացը քննարկվել է միջազգային գործընկերների հետ
02/07/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի և «Տեղեկատվական համակարգերի գործակալության» (ISAA) ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է պետական ռեգիստրի բարելավման ուղղությամբ արձանագրված առաջընթացը՝ շեշտադրելով տվյալների կառավարման համակարգերի արդիականացումը և բիզնեսների գրանցման գործընթացների բարեփոխումը։
Քննարկման ընթացքում որպես հաջորդ քայլ առանձնացվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով համակարգել օրենսդրական կարգավորումները և ապահովել տվյալների արդյունավետ փոխանակում։ Նշվել է, որ արդեն լիարժեք գործում է անհատ ձեռնարկատերերի առցանց գրանցման համակարգը, իսկ առաջիկա շաբաթներին հասանելի կլինի նաև հասարակական կազմակերպությունների գրանցման էլեկտրոնային հարթակը։ Ռեգիստրային նոր հարթակը կտեղափոխվի ամպային միջավայր և կհամապատասխանի «Հենակետ» դիզայնի համակարգին, ինչը կնպաստի պետական ծառայությունների միասնական և պարզ մատուցմանը։